ԱԳՆ-ում գրանցված է Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող 1870 ՀՀ քաղաքացի. ԱԳՆ նախարար

Մեր քաղաքացիների վերադարձը Հայաստան մեր գործառույթներից մեկն է, այս համավարակը ամբողջովին փոփոխեց սովորական կյանքի տրամաբանությունը, որևէ երկիր, տարածաշրջան չշրջանցեց: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

 

Նա նշեց, որ ՀՀ քաղաքացիների վերադարձի ապահովումը չափազանց կարևոր է, և այստեղ շատ էական է համադրել երկու կարևոր գործառույթ՝ ապահովել, որ առողջապահական անվտանգային համակարգը գործի անխափան, և ապահովել, որ մեր քաղաքացիները մնան անվտանգ պայմաններում՝ վերադարձի միջոցով, կամ եթե մնում են տեղերում, գտնել ճանապարհը, որ կարողանանք ապահովել նրանց անվտանգությունը:

«Ըստ մեր տվյալների՝ մարտի մեկից ի վեր Հայաստան է վերադարձել 63 322 ՀՀ քաղաքացի, մեզ մոտ 47 երկրներում գրանցված են 1870 քաղաքացիներ: Առաջին շրջանում անմիջապես սկսեցինք դիմել մեր քաղաքացիներին, որ դադարեցնեն ճամփորդություններն ու վերադառնան Հայաստան։ Մեծ մասն արձագանքեց»,- ասաց նա:

 

Նախարարը նշեց, որ վերջին շաբաթվա ընթացում երկու չվերթով ՌԴ-ից Հայաստան վերադարձան 440 ՀՀ քաղաքացիներ: «Շարունակում ենք աշխատանքները, որ կարողանանք ՌԴ-ից մեր հայրենակիցների տեղափոխությունները կազմակերպել: Հիմա Հայաստանի սահմանը պետք է հատած լինեն արդեն Իարայելից 10 ուսանող, ԱՄՆ-ից 34 ուսանող ճանապարհին է, վաղը հասնելու են Թբիլիսի, որտեղից էլ Երևան», ասաց նա:

Նախարարը նաև նշեց, որ կորոնավիրուսը որոշակի ազդեցություն ունեցել է Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վրա: Նա ընդգծեց, որ ներկայումս դադարել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիթորինգները:

 

«Ադրբեջանի կողմից, այո, արձանագրվել են զինադադարի խախտումներ, և մենք անմիջապես արձագանքել ենք դրան, օգտագործել ենք նաև ուղիղ կապը։ Ցավոք, մենք ունեցել ենք երեք վիրավոր, որոնցից մեկը 14 տարեկան երեխա է։ Մենք անմիջապես անդրադարձել ենք դրան»,- ասաց նա:

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ