Դուք կին ընդդիմադիր գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք. Անի Սամսոնյան

Դուք կին ընդդիմադիր քաղաքական գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ գրառումը վերնագրելով. «ՀՀ պատգամավոր Անի Սամսոնյանի պատասխանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»:

Նա, մասնավորապես, նշել է. «Հարգարժա՛ն պարոն վարչապետ, Կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ, երբ ես Ձեզ հարցրի Ղալումանների վերաբերյալ առկա հնարավոր կոռուպցիոն գործարքների եւ նախկինում կատարված չարաշահումների վերաբերյալ՝ ներկայացնելով փաստեր, Դուք զայրացաք եւ սպառնացիք հանձնարարել ստուգել իմ ազգականներին։

Այդ հարցուպատասխանից հետո իշխանական պատգամավորին պատկանող օրաթերթում հրապարակվեց հոդված իմ նախկին ամուսնու գործունեության վերաբերյալ՝ շաղախված ստով եւ փորձ անելով ինձ կապել ինչ-որ գործարքների հետ։ Ըստ էության Դուք ժամանակ չեք կորցրել եւ հանձնարարել եք ոչ միայն ստուգել, այլեւ շատ արագ հրապարակել այն, որպեսզի մարդիկ մոռանան Ղալումյաններին եւ զբաղվեն իմ անձնական կյանքով։

Պետք է ասեմ, որ Դուք կին ընդդիմադիր քաղաքական գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք։

Անձնական կյանքիս անհաջողության գործոնով ինձ հեղինակազրկելու Ձեր ջանքերը միայն Ձեր մշակույթի եւ որակի վաստակն են։

Դրանով ուզում եք ինձ լռեցնել եւ ճնշել որպես քաղաքական գործիչ։ Ասեմ՝ Դուք լավ չեք ճանաչում Ձեր ընդդիմախոսին։ Ինձ լռեցնելու բոլոր փորձերով վատնում եք Ձեր ժամանակը, որովհետեւ ես ամեն ինչին պատրաստ եմ եղել եւ շարունակում եմ մնալ պատրաստ։

Պարո՛ն վարչապետ, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ ամրություն եւ խաղաղություն Ձեր ընտանիքին։ Ապաքինվեք»:

 

Քաղաքականություն