Շարունակվելու է խիստ հսկողությունն ու կոշտ քայլերի իրականացումը. ոստիկանապետ Արման Սարգսյան

Ոստիկանությունն իրականացնում է կոնկրետ միջոցառումներ: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ նշելով, որ Երևանի մի շարք վարչական շրջաններում իրականացվում են ռեյդեր, ստուգվում են նաև խախտման կրկնության հավանականությունը:

«Ռեյդերն իրականացվում են տեսչական մարմինների հետ փոխգործակցության սկզբունքով:
Հանկարծակիության սկզբունքով իրականացվում են բոլոր ստուգումները: ՀՀ-ում արտակարգ  դրությունից իրավական ռեժիմի սահմանումից հետո ոստիկանության կողմից կազմվել է վարչական խախտման 20742 արձանագրություն: Երեկ ոստիկանության ստորաբաժանումները  կազմել են 931 վարչական արձանագրություն, հիմնականում՝քաղաքացիների և վարորդների կողմից դիմակ չկրելու փաստերով»,- տեղեկացրեց ոստիկանապետը:

Անդրադառնալով երեկ Արմավիրի մարզի  «Մեյմանդար» շուկայում տեղի ունեցած  դեպքին,  Արման Սարգսյանն ասաց. 

«Արմավիրի մարզի Գայ գյուղի «Մեյմանդար» շուկայում քաղաքացիները չցանկանալով կատարել  պարետատան որոշումները, ոստիկանության պահանջները, դիմադրեցին և կատարեցին խուլիգանություն: Ոստիկանությունում հարուցվեց քրեական գործ, որը փոխանցվեց Քննչական կոմիտեին: Ոստիկանության ստորաբաժանումները աշխատանքներ են տարել նաև նշված քաղաքացիների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղությամբ: Այսօր բերման են ենթարկվել  երեք տասնյակից ավելի քաղաքացիներ»:

Ոստիկանապետը տեղեկացրեց նաև, որ շարունակվելու է խիստ հսկողության իրականացումն ու նմանօրինակ դեպքերի կրկնության դեպքում՝  կոշտ քայլերի իրականացումը:  

Քաղաքականություն

Պատահարներ