ԱԱԾ-ն դատավորներին կարգավիճակ տալու համար թույլտվություն ստանալու նպատակով դիմել է ԲԴԽ-ին

Ազգային անվտանգության ծառայությունը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ Սնանկության և վարչական դատարանների մի քանի դատավորների կարգավիճակ տալու համար թույլտվություն ստանալու։

 

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն ասաց, որ դիմումը ներկայացվել է այսօր, ԲԴԽ-ն պարտավոր է քննել և մեկ օրվա ընթացքում որոշում տալ։

«Թե որ դատավորների հետ կախված է, ինչի հիման վրա՝ չեմ կարող ասել, այդ ամենը քննվելու է դռնփակ նիստում։ Կարծում եմ՝ նախաքննակամ մարմինը, ըստ նպատակահարմարության, կհրապարակի տեղեկությունը»,-ասաց Բեքմեզյանը։ Հիշեցնենք, որ օրերս ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացնում Սնանկության դատարանում, սակայն թե հատկապես որ դատավորների աշխատանքի հետ են կապված քննչական գործողությունները՝ ԱԱԾ-ից չէին ասում։

 

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ խուզակություններ են կատարվել սնանկության 3 և վարչական դատարանի 1 դատավորի աշխատասենյակում։ Դատավորները հարցաքննվել են հենց իրենց աշխատասենյակներում։

 

ԱԱԾ-ում հարուցված գործը կապված է պաշտոնական դիրքի չարաշահմամբ ինչ-որ մեկի գույքը խլելու հետ: Մենք կապ էինք հաստատել դատավորների փաստաբանների հետ, որոնցից մեկն ասաց, որ իր վստահորդից թույլտվություն չունի խոսելու և հարցազրույցներ տալու գործի առնչությամբ, իսկ մյուս պաշտպանը վստահեցրեց, որ իր վստահորդը որևէ կարգավիճակ չունի և բացառում է հետագայում նրան որևէ կարգավիճակով ներգրավվելու հավանականությունը։

Քանի որ իրավապահները լռում են և չեն հրապարակում դատավորների անունները, իսկ դատավորները չեն պատասխանում հեռախոսազանգերին՝ մենք նույնպես ձեռնպահ կմնանք նրանց և նրանց փաստաբանների անունները հանրայնացնելուց։

Քաղաքականություն

Պատահարներ