Բելառուսի ներքին գործերի նախարարը ներողություն է խնդրել ցույցերի ժամանակ պատահական մարդկանց ստացած վնասվածքների համար

Բելառուսի ներքին գործերի նախարար Յուրի Կարաևը հայտարարել է, որ ստանձնում է բողոքի ցույցերի ժամանակ պատահական մարդկանց ստացած վնասվածքների պատասխանատվությունը և ներողություն է խնդրում:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նախարարը նման հայտարարություն է արել բելառուսական պետական հեռուստաալիքով հեռարձակվող  «Марков. Ничего личного» հաղորդման շրջանակներում:

Հաղորդվում է, որ Գրոդնո քաղաքի ոստիկանության ղեկավարը ևս ներողություն է խնդրել ցույցերի ժամանակ իր ենթակաների գործողությունների համար: «Ես ձեզ չեմ հարվածում: Ներեցեք իմ աշխատակիցներին, եթե նրանք ձեզ ցավ են պատճառել»,- ասել է ոստիկանապետը:

Զանգվածային ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն` ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Օրեր շարունակ մի շարք քաղաքներում, ինչպես օրինակ` Բրեստում, Գոմելում, Գրոդնոյում և մայրաքաղաք Մինսկում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ուժայինների միջև: Բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, հազարավորներն էլ` ձերբակալվել: Նշվում է, որ բախումների ընթացքում օգոստոսի 10-ին մեկ մարդ մահացել է:

Քաղաքականություն