Արցախի նախագահի՝ Գանձակի հետ կապված հայտարարությունն Ադրբեջանում խիստ մտահոգությունների ալիք է բարձրացրել

Նախօրեին երիտասարդների հետ հանդիպմանը նախագահ Հարությունյանի՝ Գանձակի (Գյանջա) հետ կապված հայտարարությունն Ադրբեջանում խիստ մտահոգությունների ալիք է բարձրացրել, ինչը տեսանելի է այդ երկրի ՊՆ կողմից տարածած հայտարարության մեջ և մամուլի հրապարակումներում: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Հատկանշական է, որ Արցախից ամենաբարձր մակարդակով արվող կառուցողական հայտարարությունները Բաքվում միշտ չնկատելուն էին տալիս՝ ուղղակի թողնելով անարձագանք: Իսկ այսօր նրանց համար անսպասելի իրավիճակ է ձևավորվել, պաշտոնական Ստեփանակերտի կոշտ ու իրենց վարքին համահունչ հայտարարություններից սկսել են ջղաձգվել, հիասթափությամբ միջազգային հանրությանն արձագանքելու կոչեր են անում…

Հ.Գ. Ուժեղ ու արժանապատիվ կեցվածքն է հարգանք պարտադրում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՀ նախագահը երիտասարդների հետ զրույցում ասել էր նաև, որ եթե հակառակորդը փորձի Ստեփանակերտի վրա մի շատ փոքր արկ կամ ռումբ նետել, պատասխանը կստանա Կիրովաբադում։

Քաղաքականություն

Պատահարներ