Ո՞վ կփոխարինի Գայանե Աբրահամյանին

Այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

 

Նշենք, որ նա մեկ շաբաթ ժամանակ ունի, որպեսզի դիմումը հետ վերցնի։ Եթե դիմումը հետ չվերցնի, ապա մանդատը վայր դնելու որոշումը կմնա ուժի մեջ։ Այս դեպքում հարց է առաջանում՝ ով կստանա Աբրահամյանի մանդատը։ Համամասնական ցուցակով հաջորդը Կարապետ Մխչյանն է, ով կարող է փոխարինել Գայանե Աբրահամյանին։

Նշենք, որ Կարապետ Մխչյանը 2018 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու գրասենյակի պատասխանատուն է եղել, իսկ այժմ զբաղեցնում է Գյումրու քաղաքապետի խորհրդականի պաշտոնը։

ArmDaily.am-ի հետ զրույցում Կարապետ Մխչյանն ասաց, որ հույս ունի, որ Գայանե Աբրահամյանը մեկ շաբաթվա ընթացքում հետ կվերցնի իր դիմումը. «Եթե չեմ սխալվում, Ընտրական օրենսգրքով կարգավորումն այնպիսին է, որ համամասնական ցուցակից ընտրված պատգամավորների հարաբերակցությունը  1 սեռի դոմինանտությունը 75 տոկոսը չպետք է գերազանցի ու կարծես թե այս պարագայում ցուցակում հաջորդը ոչ թե ես եմ լինելու, այլ իգական սեռի ներկայացուցիչ»։

Հարցին, եթե ինքը լինի, պատրաստ է մանդատը վերցնել, Մխչյանը պատասխանեց.«Եթե գա այդ օրը, կորոշենք»։

 

Ավելի ուշ, լրատվամիջոցին հաջողվել է պարզել, որ  խմբակցությունում կանանց թիվը 20 տոկոսից չի իջնում և  Աբրահամյանին կփոխարինի Կարապետ Մխչյանը։

Քաղաքականություն

Պատահարներ