Մեր պլաններում այլ գործողություններ են, այլ բնույթի և այլ տարածքի. Արծրուն Հովհաննիսյան

Արցախի պաշտպանության բանակը Արցախի հարավային ճակատում այս պահին առկա ռազմաճակատային բնագծին չի համակերպվի: Այս մասին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասել է «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նման իրավիճակում հայկական կողմը պատրաստ է հրադադարի:

«Հրադադարի գնալը քաղաքական հարց է, բայց մեր ռազմական պլաններում այս վիճակին համակերպվել չկա: Մեր պլաններում այլ գործողություններ են, այլ բնույթի եւ այլ տարածքի»,- ասել է Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է հակառակորդի առաջխաղացմանը, ՊՆ ներկայացուցիչն ասել է, որ պատերազմից առաջ հնարավոր չէ իդեալական հաշվարկել, թե ինչ կարող է լինել: Նա նաեւ չի թաքցրել, որ հընթացս որոշ սխալներ, խնդիրներ են ի հայտ եկել, որոնք բանակի հրամանատարությունը փորձել է հնարավորինս արագ լուծել, շտկել:

«Իրավիճակը շատ արագ է զարգանում, երկու կողմերն էլ վերախմբավորումներ են կատարում, մեզ մոտ էլ տեսնում եք՝ պահեստազորն ակտիվ պատրաստվում է, մենք մի փոքր երկարացրել ենք, խորացրել ենք պահեստազորի պատրաստման պրոցեսը, պահեստազորից հավաքել ենք մեծ թվով փորձառու սպաների» ,- ասել է նա:

Հովհաննիսյանը կարեւորել է նաեւ ռազմաճակատում բնագծի պաշտպանությունը՝ նշելով, որ այդ գծում կանգնած զորքի վրա գուցեեւ չհարձակվեն, բնագծում կանգնած զինվորը չկռվի, բայց նրա բացակայությունից է կախված բնագծի պահպանությունը: «Կարող է երբեք քեզ վրա չգան, հասկանան, որ դու կանգնած ես, կայուն ես, այդ ուղղությամբ ընդհանրապես չգան, բայց եթե հետ ես քաշվում, բնագիծ ես կորցնում»,- նշել է ՊՆ ներկայացուցիչը:

Քաղաքականություն

Պատահարներ