Ֆրանսիայից ուղարկված հումանիտար օգնությունը կբաժանեն բուժհաստատություններին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Ֆրանսիայից Հայաստան ժամանած հումանիտար օգնության ընդունման արարողությանը։ Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ արարողությանը ներկա են եղել նաև Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուան, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, Ֆրանսիայի կողմից Հայաստանի համար բարի կամքի դեսպան Յուրի Ժորկաեֆը և այլ հյուրեր։
Մարդասիրական օգնությունը բաժանվելու է Հայաստանում գործող բուժհաստատություններին։

«Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ժոնաթան Լաքոտին, քանի որ մենք նրա հետ մշտապես սերտ համագործակցության մեջ ենք, սկսած կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարից, երբ Ֆրանսիայից բժիշկներ էին ժամանում հայ գործընկերներին աջակցելու և փորձի փոխանակում իրականացնելու նպատակով»,- ասել է նախարար Թորոսյանը։

Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում Ֆրանսիայի կողմից ցուցաբերված ցանկացած աջակցություն։ Նա խոսել է նաև մեր երկրների միջև երկար տարիների բարեկամության մասին։

Նշենք, որ սա Ֆրանսիայից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռն է։ Այն նախատեսված է աջակցելու արցախա-ադրբեջանական պատերազմի հետևանքով տուժած հայ բնակչությանը:




 

Քաղաքականություն

Պատահարներ