Արայիկ Հարությունյանը Ռուստամ Մուրադովի հետ հանդիպել է անհայտ կորածների և գերեվարվածների հարազատներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ հանդիպել է անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների և խաղաղ բնակիչների հարազատներին: Այս մասին Արցախի նախագահը գրել է Facebook–ի իր էջում։ 

«Ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնել գեներալ Մուրադովին, ով անձամբ այցելել է Ադրբեջան, տեղում հանդիպել մեր որոշ ռազմագերիների հետ և նրանց անուն-ազգանունները տրամադրել մեզ, իսկ նրանց ողջ լինելու մասին հաստատված տեղեկությունն այս պահին փոխանցվում է հարազատներին»,–գրել է Հարությունյանը: 

Արցախի նախագահը շեշտել է, որ Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան անառարկելի ապացույցներն են ցույց տալիս: 

«Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ շարունակելու ենք սկսված աշխատանքները բոլոր գերեվարված անձանց և զոհվածների մարմինները գտնելու ու հնարավորինս շուտ վերադարձնելու ուղղությամբ»,-նշել է Հարությունյանը: 


 

Քաղաքականություն

Պատահարներ