Պարտության պատճառը եղել է առաջին հերթին քաղաքական. Իշխան Սաղաթելյան

29 տարվա մեջ առաջին անգամ բանակի տոնը նշում ենք գլուխներս կախ։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

 

«Այո, Հայաստանի բանակը, հայ զինվորն այս պատերազմում չի պարտվել։ Պարտության պատճառը եղել է առաջին հերթին քաղաքական։ Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ունենալու է հզոր բանակ, Հայաստանի սահմանները պաշտպանող բանակ, դա լինելու է մոտ ապագայում»,- նշեց նա։

 

Անդրադառնալով հարցին, թե վերջին շրջանում անհնազանդության ակցիաներ չկան, ինչո՞վ է դա պայմանավորված, Սաղաթելյանն ասաց. «Երեկ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հրավիրել է նիստ, հանդես է եկել հայտարարությամբ։ Առաջին հանրահավաքը նշանակված է փետրվարի 18-ին։ Հայրենիքի փրկության շարժման հայտարարություններն ուժի մեջ են. առաջիկայում լինելու են եւ՛ բողոքի երթեր, եւ՛ ցույցեր, եւ՛ անհնազանդության շարժումներ»։

 

Սաղաթելյանը նշեց, որ իրենց մեղադրում են ոչ վճռական գործողությունների մեջ, բայց իրենք ասել են, թե որն է այս կառավարությանը հեռացնելու ճանապարհը. «Այո, Նիկոլ Փաշինյանի հեռացման համաժողովրդական պահանջ կա, բայց այդ պահանջը մենք չենք կարողացել վերածել համաժողովրդական պայքարի եւ վերածելու ենք։ Այն խոսակցությունները, թե շարժումն ավարտվել է, մարել է, դա իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ չեմ կարծում՝ հայրենիքի մեծ մասը հանձնած ու այսքան դժբախտություններ մեր ժողովրդի գլխին բերած իշխանությունը կարող է մնալ իշխանության»։

 

Նա ընդգծեց, որ վճռականություն միշտ եղել է եւ առաջիկայում էլ կլինի։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալուն, եւ հարցին՝ 17 կուսակցությունների քաղաքական օրակարգն արդյոք համընկնո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի օրակարգին, Սաղաթելյանն ասաց. «Քոչարյանն այլ բան չի ասում, ինչ ասում է 17-ի շարժումը։ Մենք հրապարակել ենք մեր ճանապարհային քարտեզը, դրան հավատարիմ շարունակում ենք գնալ առաջ, Ռոբերտ Քոչարյանը դրան հակառակ բան, ըստ էության, չի ասել»։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ