Կազանի վարժարան գնալուց առաջ Գալյավիևը փորձել է հրկիզել իր բնակարանը. զոհերի հուղարկավորությունը կլինի այսօր

Իլնազ Գալյավիևը, ով նախօրեին կրակ էր բացել Կազանի դպրոցում, հանցագործությունից առաջ փորձել է հրկիզել իր բնակարանը: Այս մասին հայտնում է Газета.ru-ն՝ վկայակոչելով Baza Telegram-ալիքը։ 
Նշվում է, որ երեքշաբթի առավոտյան ժամը 9-ի սահմաններում կասկածյալն իր տան դռներից մեկի վրա ամոնիումի նիտրատ (սելիտրա) է լցրել, այրել այն և հեռացել: Կրակը չի տարածվել, ուստի արդեն վարժարանում տեղի ունեցածից հետո քննիչները խուզարկություն են իրականացրել երիտասարդի բնակարարնում։ 
    Baza-ի տեղեկատվության համաձայն՝ Գալյավիևի տանը իրավապահները սելիտրայի մի քանի փաթեթ, անհայտ, փոշենման նյութ և ալյումինի փոշի են հայտնաբերել: Կասկածյալն իր հետ ուսումնական հաստատություն է տարել «Hatsan Escort» հրացանը, ինչպես նաև 445 փամփուշտ, դանակ ու մի քանի տասնյակ մանեկ: 

 

Իսկ այսօր՝ մայիսի 12-ին, կհուղարկավորվեն դպրոցում կրակոցների ժամանակ զոհվածները: 

«Զոհվածների հարազատներն իրենք են որոշում, թե որտեղ են թաղվելու մահացածները: Իշխանություններն օգնում են կազմակերպչական  հարցերում»,- «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է Թաթարստանի նախագահի մամուլի ծառայության ղեկավար Լիլիա Գալիմովան:


    Հիշեցնենք՝ մայիսի 11-ին Կազանի թիվ 175 դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել: Ներկայումս հաստատվել է 9 մարդու մահը, 21-ը՝ վիրավորվել են։ 19-ամյա հարձակվող Իլնազ Գալյավիևը ձերբակալվել է։ Վարժարանի վրա հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել։

Քաղաքականություն

Պատահարներ