30 միլիարդ դրամի ներդրում. Ապարանում խաղատուն և լեռնադահուկային համալիր կկառուցվի

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում 2080 հեկտար հողամասում լեռնադահուկային համալիր կկառուցվի։ Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրին։ 
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշեց, որ ծրագիրն իր մեջ կներառի լեռնադահուկային համալիրի կառուցումը, նաև զվարճանքի վայրեր կբացվեն։ 
«Ըստ ծրագրի` 30 մլրդ դրամ կներդրվի, որից 15 մլրդ դրամը կներդնի ընկերությունը, ևս 15-ը կներգրավվի այլ մասնավոր ընկերությունների կողմից։ Ծրագիրը կյանքի կկոչվի 2 տարում և կլինեն շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատողներ, իսկ ծրագիրն իրականացնելուց հետո կստեղծվի շուրջ 1500 հիմնական աշխատատեղ»,–ասաց Քերոբյանը։ 
Նրա խոսքով` լեռնադահուկային համալիրը տարեկան 500 000 զբոսաշրջիկի կսպասարկի և կարող է մրցունակ լինել ինչպես հայկական, այնպես էլ տարածաշրջանային շուկայում։ 
Քերոբյանը նշեց` համալիրի ստեղծմամբ տուրիստական հոսքերը Ռուսաստանից, Իրանից և Եվրոպային կավելանան, իսկ Հայաստանի ՀՆԱ–ն 0.2 տոկոսով կաճի։ 
Ի դեպ, տարածքում նաև խաղատուն և ճոպանուղի է կառուցվելու։ 
Կառավարության կայքում տեղադրված ծրագրի հիմնավորման մեջ նշվում է նաև, որ ՀՀ-ն՝ որպես լեռնային զբոսաշրջության ուղղություն, տարածաշրջանում գտնվում է ամենաթույլ դիրքերում. որպես առաջատար հանդես է գալիս Վրաստանի Հանրապետությունը, որից հետո Ադրբեջանի Հանրապետությունն է։ 
ՀՀ-ում կա գործող 2 հանգստյան գոտի (Ջերմուկ և Ծաղկաձոր համայնքներում), որոնք առաջարկում են լեռնային, մասնավորապես՝ լեռնադահուկային ժամանց: 

Այդ գոտիներում զբոսաշրջիկների մեծ մասը ՌԴ քաղաքացիներ են, երկրորդ տեղում են ԻԻՀ-ից ժամանող այցելուները: Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա Ծաղկաձորում ճոպանուղու օրական տոմսն արժե 12 000 ՀՀ դրամ (շուրջ 25 դոլար), իսկ Վրաստանում` 40 լարի (շուրջ 15 դոլար): 




 

Քաղաքականություն

Պատահարներ