Դանակահարությունը իմքայլականները կապում են Արման Սահակյանի անվան հետ. «Հրապարակ»

Գիշերը դիմակավորված անձինք ներխուժել են Երեւանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արման Անտոնյանի տուն եւ դանակահարել նրան։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արմեն Գալջյանը տեղեկացրել էր, որ, նախնական գնահատականով, կատարվածը կարող է կապ ունենալ Արման Անտոնյանի` ավագանու գործունեության հետ։ 

 

Hraparak.am-ը պատմել է, թե ինչ վարկած են առաջ քաշում իմքայլականները` Անտոնյանի դանակահարության հետ կապված։ Ըստ նրանց՝ տեղի ունեցած դեպքը կապ ունի Անտոնյանի բերած վերջին նախագծի հետ։ Օրեր առաջ ավագանու նիստին ընդունվեց Անտոնյանի նախագիծը, որի համաձայն՝ «Երեւանի Արաբկիրի մենապայքարային մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը անվանափոխվեց «Երեւանի հեծանվասպորտի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի եւ կազմակերպության, կանոնադրությունը հաստատվեց նոր խմբագրությամբ: Այսինքն՝ ավագանին հիմնադրեց Երևանի հեծանվասպորտի մարզադպրոց։ 

 

Քաղաքապետարանի կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն, վերոնշյալ նախագիծը Անտոնյանը մշակել է հենց իր հագով, որպեսզի հետագայում տեղավորվի իր իսկ անվանափոխած ՀՈԱԿ-ում, թեպետ այդ մտադրության մասին լուրերը վերջինս հերքեց ավագանու նիստի ժամանակ: 

ՀՈԱԿ-ը կապվում է նաեւ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակայնի տղայի՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի անվան հետ։ Արման Սահակյանը Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահն է, եւ Անտոնյանի ու Սահակյանի միջեւ շահերի բախում կա։ Ավագանու «Իմ քայլը» խմբակցության վարկածով՝ նրանց գործընկերոջ հետ տեղի ունեցածը հենց Արման Սահակյանի ձեռքի գործն է։ 

 

Քաղաքապետարանի լրատվականի մեկ այլ աղբյուր եւս հաստատեց, որ նման վարկած է շրջանառվում, բայց թե որքանով է այն արժանահավատ, դժվարացավ նշել․ «Այո, խոսում են, որ Արման Սահակյանի հետ կապ ունի միջադեպը, բայց դա «Իմ քայլի» վարկածն է, բայց ինչո՞ւ պիտի նա գնար նման քայլի, ինչքան փայ ունի-չունի, չեմ կարող ասել, բայց Անտոնյանը վերջին շրջանում այդ ՀՈԱԿ-ով շատ էր հետաքրքրվում, ականջներիս հասնում էր, որ հետաքրքրված է»։ 

 

Անտոնյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, գործընկերները փոխանցում են, որ գտնվում է արհեստական կոմայի մեջ, մտավախություն ունեն, որ եթե հանեն արհեստական կոմայից, հետեւանքը գուցե ավելի ծանր լինի։ Նրան դանակահարել են ծնողների աչքի առաջ, հարվածներ են հասցրել նաեւ նրա 87-ամյա հորը՝ Ազատ Անտոնյանին, վերջինս եւս տեղափոխվել է հիվանդանոց։ 

Արման Սահակյանի փաստաբան Էմին Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, այո, Արման Սահակյանը հանդիսանում է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ, բայց նման տեղեկություն, թե կապ ունի ավագանու անդամի դանակահարության հետ, առաջին անգամ է լսում․ «Ես զարմանում եմ, թե ինչ ֆանտազիա ունեն, կամ էլ ինչ տրամաբանություն է գործում․․․ եթե մի բան վերանվանվում է «հեծանվասպորտի մարզադպրոց», ապա դա վատություն չէ, այլ լավություն։ Պարոն Սահակյանը կապ չունի դեպքի հետ։ Դա աբսուրդի հասնող բան է, պետք է գոնե մի ինչ-որ կապ գտնեն, ասեն՝ այս մարդիկ իրար մի անգամ հանդիպել են, ասենք, 66 թվին»։ 

 

Քաղաքականություն