Պենտագոնի աշխատակցին մեղադրում են ատոմային սուզանավերի մասին գաղտնի տվյալներ փոխանցելու մեջ

Միացյալ Նահանգների իշխանությունները մեղադրել են երկրի պաշտպանության նախարարության աշխատակցին միջուկային սուզանավերի վերաբերյալ գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ: Այդ մասին կիրակի՝ հոկտեմբերի 10-ին, հաղորդվել է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքում:

Ջոնաթան Թոեբին փորձել է կապ հաստատել օտարերկրյա իշխանությունների հետ՝ նրանց ուղարկելով նամակ, որով առաջարկվում էր 2020 թվականի ապրիլին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի միջուկային սուզանավերի էլեկտրակայանների վերաբերյալ տվյալներ վաճառել:

Թե որ երկրի իշխանություններին է դիմել Թոեբին, նախարարությունը չի հստակեցրել: Նախարարության աշխատակցին է դիմել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի մասնագետը, ով ներկայացել է՝ որպես օտարերկրյա գործակալ: Արդյունքում, Ջոնաթան Թոեբին և նրա կինը՝ Դիանան, «գործակալին» մի քանի անգամ գաղտնի տեղեկություններ են փոխանցել: «Վաճառքից» նրանք հավաքել են մոտ 100 հազար դոլար: Տղամարդը միջոցները ստացել է կրիպտոարժույթի հաշվից:

Ամուսինները ձերբակալվել են Արևմտյան Վիրջինիա նահանգում: Նրանց սպառնում է ցմահ ազատազրկում:

 

Քաղաքականություն

Պատահարներ