ՏԵՍԱՆՅՈՒԹ. 36-ամյա կինը դեղատներում դանակով ավազակություն է կատարել

Հոկտեմբերի 14-ին Արմավիրի քաղաքում ավազակության երկու դեպք է արձանագրվել։ Երկու դեպքում էլ թիրախում դեղատներ են եղել՝ երկուսն էլ Շահումյան փողոցում գործող։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Առաջինի վերաբերյալ ահազանգը ստացվել է ժամը 18.30-ի սահմաններում, երկրորդինի՝ 20.05-ի։ Մեխանիզմը նույնն էր՝ բժշկական դիմակով կինը դանակով սպառնալով՝ փող էր հափշտակել. առաջին դեղատնից ՝159 հազար, երկրորդից՝ 57 հազար դրամ։

Դեպքի վայրեր մեկնած ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները նախ պարզել են, որ երկու դեպքում էլ ավազակություն կատարողը նույն անձն է։ Դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում Արմավիրի քրեական հետախույզները ձեռնարկել են մի շարք օպերատիվ միջոցառումներ՝ համագործակցելով Արմավիրի մարզային վարչության ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողների հետ, որոնք սպասարկում են Արմավիրի մարզը։

Համատեղ աշխատանքի արդյունքում կարճ ժամանակում պարզվել է կասկածվող ինքնությունը. Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում բնակվող 36-ամյա կին էր։ Նա դեպքերի հաջորդ օրը հայտնաբերվել է իրենց գյուղում ու կասկածանքով բերման ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական մարմնին և ձերբակալվել։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է։

Քաղաքականություն

Պատահարներ