Դու ո՞վ ես, որ Նիկոլի նկարը պատռես. Փաշինյանի նկարը պոկած աղջկան ծեծողները մեղավոր են ճանաչվել. ArmDaily

2020 թվականի հունիսի 20-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններիի օրը, Էրեբունու՝ համար 10/24 և 10/25 ընտրատեղամասերի պատերին նկատելով Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառը՝ նույն վարչական շրջանի բնակչուհի Մարիամ Այդինյանը խնդրել է ոստիկաններին պոկել այն և չխախտել օրենքը։ «Ոստիկաններին խնդրեցի պոկել պաստառը, մինչ այդ մտա կատարելու իմ քաղաքացիական պարտքը»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է Մարիամը։

Իր ընտրությունն անելուց հետո Մարիամը մոտեցել է ոստիկաններին ու հարցրել՝ պոկե՞լ են պաստառը, թե ոչ։ «Ոստիկաններն ասացին, որ չեն կարող պոկել, ես էլ մտածեցի որպես քաղաքացի թույլ չտալ, որ օրենքի խախտում լինի»,- նշել է  աղջիկը։

Մարիամը մոտեցել է պաստառին և փորձել է հանել պատից, երբ երկու կին մոտեցել են նրան և սկսել են անպատվել։ «Ինչ ասես ասում էին, հայհոյում էին, անգամ՝ նոր մահացած հորս կպան։ Ես ասացի ինչո՞ւ եք հորս վիրավորում, նոր է մահացել, պատասխանեցին՝ դրա համար ես սենց զուգվել»,-մեզ հետ զրույցում մանրամասնեց Մարիամ Այդինյանը։

Մարիամը եղել է իր մայրիկի և քրոջ հետ։ «Հետո, երբ ասացի, որ դա օրենքի խախտում է, սկսեցին հարվածել։ Մայր ու աղջիկ էին, մայրը երեսս էր ճանկռում, աղջիկը մազերս էր քաշում, գլխիս էին հարվածում»,- պատմել է Մարիամը։

Հարցին, թե ինչո՞ւ են իրենց այդպես պահել՝ կանայք պատասխանել են՝ բա դու ո՞վ ես, որ Նիկոլի նկարը պատռես։ Մարիամը մի քանի անգամ փորձել է բացատրել, որ ընտատեղամասում քարոզչություն անելն արգելվում է, բայց նրա վրա հարձակված երկու կին ուղղակի չեն լսել։ «Մայրս և քույրս փորձում էին իրենց հեռու տանել, որ ինձ չվնասեն, ես էլ գլուխս էի պահում, որ հարվածներից ցնցում չստանամ»,-շարունակեց Մարիամը։

Այս ամենը տեսել են ոստիկաններն ու մոտեցել։ «Ոստիկանները եկան, փորձում էին հանգստացնել այդ կանանց, իսկ ես ողջ ընթացքոը նկարում էի։ Հետո, երբ վերջապես մի փոքր հանգստացան՝ ոստիկանները տեղում արձանագրություն կազմեցին»,- ասել է աղջիկը՝ հավելելով, որ երեկ այս գործով դատական նիստն էր, իսկ այսօր հրապարակվել է դատարանի որոշումը։

Այսպիսով, երկու կանայք, ովքեր հարձակվել էին քաղաքացի Մարիամ Այդինյանի վրա և վերջինիս հասցրել էին մարմնական վնասվածքներ՝ դատարանում մեղավոր ճանաչվել Քրեական օրենսգրքի 117 և 118 հոդվածներով։ Երկու կանանցից մեկը պարտավոր է վճարել 60, իսկ մյուսը՝ 40 հազար դրամ, ինչպես նաև նրանց սպառնում է 2 ամսով ազատազրկում։ «Իրականում ում նկարն էլ լիներ, պատռելու էի, որովհետև ես ոչ մի կուսակցության և դաշինքի չեմ պատկանում, իսկ դա օրենքի խախտում էր։ Կարևորը, որ նման մարդիկ մեկ անգամ պատժվեն, որ հաջորդ անգամ նման բան չանեն»,- եզրափակել է Մարիամ Այդինյանը։

Քաղաքականություն

Պատահարներ