Ադրբեջանցիների կողմից Սիսիանի մարտական դիրքերին մոտենալու փաստով քրգործ է հարուցվել

Նախօրեին Սյունիքում ադրբեջանական ԶՈւ-ի կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
 

Նոյեմբերի 14-ին` ժամը 12.00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինծառայողներ առանց թույլտվության մոտեցել են Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիանին հարող ՀՀ պետական սահմանին, առաջացել ՀՀ տարածքով 1-ից մինչև 2 կմ, մոտեցել ՀՀ ԶՈւ 4 մարտական դիրքերին, զենքի գործադրման սպառնալիքներով ՀՀ ԶՈւ զինծառայողներին այդ տարածքներից հեռանալու պահանջ ներկայացրել։
 

Այդ դեպքի առթիվ ՀՀ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով (պետական սահմանն ապօրինի հատելը մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով) և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով (տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները)։
 

Քրեական գործի շրջանակներում հակառակորդի գործողություններից զատ քննության առարկա է դառնալու նաև նշված մարտական դիրքերին թշնամական ուժերի մոտենալը հնարավոր դառնալու, այդ դիրքերից ՀՀ ԶՈւ զինծառայողների հեռանալու հանգամանքները:

Քաղաքականություն

Պատահարներ