Երևանում ամուսինն առևանգել է կնոջը՝ սպառնալով սպանել նրան

Երևանում ամուսինն առևանգել է կնոջը՝ սպառնալով սպանել նրան։ 

Ամուսինները կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել էին, ինչի հետեւանքով սկսել են առանձին ապրել։ 2021թ հունիսի 7-ին, ժամը՝ 21.00-ի սահմաններում, Երևանի փողոցներից մեկի շենքի բակային հատվածում տղամարդը հանդիպել է կնոջ հետ և առաջարկել զրուցելու նպատակով նստել իր ավտոմեքենան, սակայն մերժում ստանալով՝ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ նստեցրել է ավտոմեքենայի հետևի նստատեղին։

Ավտոմեքենան տղամարդը վարել է դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մոտակայք և կանգնեցրել ավտոմեքենան, բեռնախցիկից վերցրել հրացանը։ Այդ ընթացքում կինը փորձել է դուրս գալ ավտոմեքենայից, սակայն ամուսինը զենքի փողը պահել է կնոջ գլխին՝ սպառնալով, որ ավտոմեքենայից դուրս գալու պարագայում կսպանի նրան։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ զենքի գործադրմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով առևանգման համար։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։

Քաղաքականություն

Պատահարներ