Խոշոր ավտովթար Շիրակում. Վրաստանի 52-ամյա քաղաքացին բեռնատարով կողաշրջվել է. կա վիրավոր

Երեկ՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:   Ժամը 21:30-ի սահմաններում, Վրաստանի քաղաքացի, 52-ամյա Գոչա Աբաշիձեն իր վարած DAF մակնիշի ավտոմեքենայով, Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասից Սևերսկի տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:   

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն: 

 

Օպերատիվ են գործել նշված բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրան:   Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ:   Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ բեռնատարը բարձված է եղել մոտ 20 տոննա համակցված կերով:  

Քաղաքականություն

Պատահարներ