«Հանձնելով՝ հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»․ Փաշինյան

«Վերջերս տված հարցազրույցներից մեկում ակնարկել էի, որ եթե ինձ ուզում են օբյեկտիվ մեղադրանք վերագրել, ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ պետք է մեղադրել հողեր չհանձնելու մեջ: Հիմա ես, այո՛, ուզում եմ խոստովանել՝ հնարավոր է, որ մեղավոր եմ դրանում, մեղավոր եմ, որ 2018-2019 թթ․-ին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք յոթ հայտնի շրջաներն ու իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»,- նշեց նա:

 

«Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է, նաև որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն Լեռնային Ղարաբաղի ապագայի որոշման ու կառավարման հարցերում, մեղավոր եմ, որ հստակ և աներկբա չեմ ասել, որ նույնիսկ առաջարկվող մեզ համար անընդունելի սցենարներն ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար և միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի: Այս ամենը պարտավոր էի մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին, սա չանելն է իմ իրական մեղքը, և մեղադրանքի նման ձևակերպումը ամենևին էլ իրավիճակը մեղմացնելու փորձ չէ, այլ ընդհակառակը, դրանով ավելի եմ սրում որովհետև հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»,- այսօր ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Քաղաքականություն

Պատահարներ