Վաղը ակցիաները կսկսվեն ժամը 10։30-ին. ինչ է նախատեսել ընդդիմությունը

Վաղը ակցիաները կսկսվեն ժամը 10։30-ին: Այս մասին այսօր հայտարարել է Իշխան Սաղաթելյանը: 

 

Նա նշել է, որ ակցիայի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով կշարժվեն դեպի ԲԴԽ՝ ի համերաշխություն զոհված զինծառայողների ծնողների բողոքի, իսկ ժամը 15։30 հատուկ գործողություններ կիրականացվեն Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահի պատվիրակությանը դիմավորելու համար`ցույց տալու, որ ՀՀ գործող իշխանությունները այլեւս մանդատ չունեն հայ ժողողվրդին ներկայացնելու։
 

Սաղաթելյանն անդրադարձավ օրվա իրադարձություններին, ինչպես նաև Ազգային ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի խոսքին։
 

Ընդդիմադիր գործիչը ներկայացրեց ՀՀ ԱԺ-ի հայտարարության նախագիծը, որը պատրաստվում են ներկայացնել ընդդիմադիր խմբակցությունների պահանջով հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստում.
 

«Հիմք ընդունելով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ սահմանադրությունը, ԼՂՀ, Արցախի ժողովրդի 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, միջազգային իրավունքի հիմնադրույթները, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից բազմիցս ներկայացված հիմնարար սկզբունքները, հայտարարում ենք․

 

1․ ՀՀ աջակցելու է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը։ ՀՀ համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։

 

2․ Պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ ՀՀ և Արցախի Հանարպետության միջև՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը։

 

3․ Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է՝ բոլոր բաղադրիչներով։

 

4․ ՀՀ հետ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն հումանիտար խնդիրների լուծման, հայ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձի, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման նախապայմաններով։

 

5․ Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է ՀՀ տարածքային ամբողջականության խաթարումը։

 

6․ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը բացառում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր-մշակութային ժառանգության կրող լինելու իրավունքը։

 

7․ Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները միմյանց հետ շաղկապված չեն։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»։

Քաղաքականություն

Պատահարներ