«Պարո՛ն Ջհանգիրյան, այդ Ձեզ կարող են օգտագործել, մենք այս պատերազմում մեր զավակներին ենք կորցրել». ԲԴԽ-ում հանդիպումն ավարտվել է

 Հանդիպումը սկսվեց Գագիկ Ջհանգիրյանի կողմից ծնողներին ուղղված մեղադրանքներով, իրեն թվում է, թե մենք այլ շարժառիթ չունենք այս ամենի մասնիկը լինելու և քաղաքական ուժերը մեզ օգտագործում են։ Այս մասին լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներից մեկը, որը ԲԴԽ-ում հանդիպումից դուրս էր եկել դեռ հանդիպումը չավարտված։

 

«Պարո՛ն Ջհանգիրյան, այդ Ձեզ և ձեր նմաններին կարող են օգտագործել, մենք այս պատերազմում մեր զավակներին ենք կորցրել, իսկ ձեր նման դերասանները վատ բեմադրման մաս են կազմում։ Ինչ-որ տեխնիկական դժվարություններով կիսվեց մեզ հետ, ասաց, թե ինչ տեխնիկական վատ պայմաններում են աշխատում և այդ խնդիրների պատճառով իրենց բաժին է ընկել Կարեն Բիշարյանը»,- ասաց նա։

 

Հանդիպումից դուրս եկած մեկ այլ ծնող նշեց, որ օրենքը բոլորի համար հավասար չի գործում այս պարագայում։

«Ջհանգիրյանը հեքիաթներ էր պատմում։ Ես թողեցի դուրս եկա այն ժամանակ, երբ Ջհանգիրյանը բառացի  ասաց, որ մենք այս դատի հետ գործ չունենք, ծնողերին ասաց՝ դուք այդ դատի ժամանակ հանդիսատես եք։ Այդ ժամանակ թողեցի դուրս եկա, շատ տհաճ հանդիպում էր։ Մենք ունենք գործ այս դատի հետ և Նիկոլը պետք է դատվի որպես դավաճան»,- ասաց զոհված զինծառայողների ծնողներից մեկը։

 

Նշենք, որ ԲԴԽ-ում շուրջ 30 ծնող հանդիպեց Գագիկ Ջհանգիրյանի հետ։

44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած ծնողների հարազատները ԲԴԽ-ի դիմաց բողոքի ակցիա էին անում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով։

Քաղաքականություն

Պատահարներ