ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չպիտի սպասենք, տեսնենք՝ բոթաս չկա, պայուսակ չկա, ծանրաձող չկա․ գործադիրն ավելացնում է մարզական ծախսերը

ՀՀ կառավարության որոշմամբ, 2022 թվականի կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի մարզական ֆեդերացիաներին կտրամադրվի լրացուցիչ 200 մլն դրամ։ 
Կառավարության նիստում ընդունված որոշումը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը` նշելով, որ այն բխում է 2022 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ և մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությունից։ 
«Որոշման ընդունման դեպքում ակնկալվում են տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մեդալների նվաճում, մարզական արդյունքների աճ»,- ասաց փոխնախարարը։ 
Խզմալյանը նաև հայտնեց, որ լրացուցիչ ֆինանսավորմամբ ֆեդերացիաները ՀՀ-ում կկազմակերպեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, ուսումնամարզական հավաքներ, կմասնակցեն նաև միջազգային մրցաշարերի, կավելացվի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում Հայաստանը ներկայացնող մարզիկների թիվը: 
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պարզաբանեց, որ այս լրացուցիչ ֆինանսավորմամաբ պետությունն, ըստ էության, վերականգնում է մարզական ֆեդերացիաների ֆինանսավորման՝ 2020-21թթ-ին պարտադրված կրճատված գումարները։ 

ՀՀ վարչապետը կարևորեց մարզական կազմակերպությունների ոչ միայն արդյունավետ, այլև ժամանակին ֆինանսավորման անհրաժեշտությունը։ 
«Մենք չպիտի սպասենք՝ Օլիմպիական խաղերից 6 ամիս առաջ տեսնենք, ծանրաձող չկա, բոթաս չկա, պայուսակ չկա, բենզինը պետք է ճարենք մի տեղից։ Դա պետք է նախապես պլանավորված բնականոն աշխատանքի մի մաս լինի, և ոչ թե մտածենք` ոնց անենք, որ վերջին պահին մի տեղից մի բան ճարենք։ Վատնումը միայն այն չէ, որ աննպատակ ծախսում ես, այլև այն, որ գումարը ճիշտ ժամանակին չի ծախսվում,- ասաց Փաշինյանը։

Քաղաքականություն

Պատահարներ