Երևանում 24-ամյա երիտասարդ է դանակահարվել

 Երեկ՝ հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 63 խումբը «ձախ անոթափոսի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։  Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մովսիսյանի և հետաքննական բաժանմունքի հետաքննիչ Աղասյանի գլխավորությամբ։  

 

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չի կատարվածի մասին բացատրություն տալու։  Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ՝ 24-ամյա Ս. Հ-ն է։  Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը, ժամը 17։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 42-ամյա Մ. Մ-ի և վիրավորի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Մ. Մ-ն դանակով հարվածել է Ս. Հ-ին։ Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են կասկածյալի գտնվելու վայրը և նրան, ով եղել է Nissan մակնիշի ավտոմեքենայով, հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ ձերբակալվել է։ 

 

 Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Քաղաքականություն