Թշնամու երեկվա կրակոցներից հետո ինչ վիճակ է այսօր Ելփին գյուղում. «Փաստինֆո»

Թշնամին երեկ հենց Ելփին գյուղի ուղղությամբ է կրակել։ «Փաստինֆո»-ին այս մասին հայտնել է Ելփինի գյուղապետ Անդրանիկ Աղախանյանը՝ նշելով, որ այսօր իրավիճակը հանգիստ է, սահմանային նոր միջադեպ չի եղել:

 

Լրատվականի հետ զրույցում Ելփինի գյուղապետը մանրամասնեց, որ թշնամին հենց գյուղի ուղղությամբ է կրակել, ինչի հետևանքով կողքի գյուղի բնակիչներից մեկի մեքենան վնասվել է:

 

Անդրանիկ Աղախանյանը հայտնեց, որ արդեն այսօր գյուղում իրավիճակը հանգիստ է.

 

«Ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չունենք, դեպքը պատահել է գյուղի վերևի հատվածում, գյուղի ուղղությամբ են կրակել,մի հինգ կրակոց է եղել, բայց մեր գյուղը դիտարկվող չի, չեն կարող նշան բռնեն ու կրակեն, ուղղակի ընկնող փամփուշտը պատահաբար եկել ու ընկել է գյուղացու ավտոմեքենայի վրա, ուրիշ ոչ մի խնդիր չունենք, խուճապ չկա»,-ասաց գյուղապետը:

 

Հարցին ինչո՞ւ է հակառակորդը վերջին շրջանում թիրախավորում հենց Վայոց ձորը, գյուղապետը դժվարացավ պատասխանել.

 

«Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, երևի պաշտպանության նախարարությունից դա իմանաք, չեմ տիրապետում այդպիսի բաների»,-ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք մտավախություն չկա, որ շուտով մեկնարկելիք հայ-ադրբեջանական սահմանազատման աշխատանքների արդյունքում Վայոց ձորից որոշ հատվածներ կհայտնվեն թշնամու վերահսկողության տակ, գյուղապետն ասաց.

 

«Ոչ, մտավախություն չկա»:

 

Հիշեցնենք` ՊՆ-ն հայտնել էր, որ երեկ՝ ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր քաղաքացիական ավտոմեքենա։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ