Նախարար Փամբուխչյանը «Սուրմալուի» տարածքում քաղաքացու հետ հաշիվ մաքրելով է զբաղված եղել. «Ժողովուրդ»

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը շարքային քաղաքացիներից մեկի հետ հաշիվ մաքրելով է զբաղված եղել։ 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է որ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը և նախարարի օգնական Հայկ Ստեփանյանը փրկարարների համար ջուր տանելու հորդոր հնչեցրած քաղաքացիներից մեկի հետ հարց-պատասխանի մեջ են մտել: Դա եղել է ոչ թե միջնորդավորված, այլ անձամբ են արել՝ պաշտոնական դիրքի գործադրմամբ կամ չարաշահմամբ: 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է  դարձել, որ օգոստոսի 15-ին քաղաքացիներից մեկը Facebook-ի ուղիղ եթերով հայտարարել է, թե «Սուրմալու»-ում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող փրկարարները ջրի կարիք ունեն, ու լավ կլինի տղաներին ջուր հասցնել: Քաղաքացու խոսքերը նախարարի օգնական, «հեղափոխությունը պահպանող» Հայկ Ստեփանյանին են հասել, ինչից հետո նա գնացել, գտել է ուղիղ եթեր մտած քաղաքացուն ու պատասխան պահանջել: «Սուրմալու»-ի պայթյունի օրերին նախարար Փամբուխչյանի թիկունքին թիկնապահի հայացքով ու կեցվածքով կանգնած «պահապանի» հարցուպատասխանն, ըստ երևույթին, չի բավարարել լրջագույն կառույցի ղեկավարին, ու նախարար Արմեն Փամբուխչյանն անձամբ է օգնության հասել լրատվամիջոցի դեմ ձվերով պայքարող իր օգնականին: 

 

Փամբուխչյանին էլ նրա ախալքալաքցի տեղակալը՝ Արտյուշ Գրիգորյանն է ուղեկցել: Երկու պետական բարձրաստիճան պաշտոնյաներն են փորձել պատասխաններ ստանալ «նախարարության աշխատանքի վրա ստվեր գցող» տղամարդուց՝ ինչպես է համարձակվել ջրի հարց բարձրացնել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած այս տեղեկությունն ամբողջությամբ հաստատեց նախարարի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը եւ վստահեցրեց, որ հարցուպատասխանի ժամանակ ծեծկռտուք, քաշքշոց չի եղել: «Խոսել են, հարցը հարթվել, անցել, գնացել է»,- նշեց նա: 

 

Քաղաքականություն