Արցախի նախագահի մամուլի խոսնակը՝ Միքայել Արզումանյանի ձերբակալության մասին

Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալության մասին նախագահ Հարությունյանը տեղեկացված չի եղել:

«Արցախպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասել է ԱՀ նախագահի Մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

 

«Գեներալ Արզումանյանին Նախագահը համարում է մեր լավագույն զորահրամանատարներից մեկը, ով ունի անցած փառավոր ճանապարհ: Անուրանալի են նրա գործադրած ջանքերը նաև 2020թ.-ի պատերազմի ժամանակ: Ճիշտ է՝ բանակի հրամանատարությունը նա ստանձնել է պատերազմի ավարտից ընդամենը 12 օր առաջ, բայց գործադրել է մեծածավալ ջանքեր ռազմական գործողությունների արդյունավետ վարման ուղղությամբ: Հուսով ենք, որ ձերբակալության հանգամանքները շուտափույթ կերպով կպարզվեն: Գեներալ Արզումանյանի ձերբակալության հետ կապված իրավիճակի զարգացումները գտնվում են Նախագահ Հարությունյանի ուշադրության կենտրոնում»-նշել է Լ. Ավանեսյանը:

 

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ԱՀ նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը բերման է ենթարկվել Արցախից Երևան գնալու ճանապարհին՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական վարչության քննիչների հանձնարարությամբ։

 

Քաղաքականություն