Լսվում են հրետակոծության ձայներ, հորդորել ենք բնակչությանը մնալ իրենց տեղում. Գորիսի անվտանգության խորհրդի համակարգող

Այս պահին որեւէ գործողություն անելը ամենավտանգավորն է, ուղղակի պետք է հանդարտեցնենք բնակչությանը, որ առավոտյան հասկանանք` ինչի հետ գործ ունենք: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի անվտանգության խորհրդի համակարգող Արթուր Ղոջաբաղյանը:

 

«Ամենապահով տեղն ապաստարաններն է, մենք հայտարարություն ենք տարածել, որ մարդիկ ապաստարաններում մնան, քանի որ ավելի անվտանգ է, իսկ ճանապարհներին ավելի վտանգավոր է, խցանումներ կլինեն, ռազմական տեխնիկայի շարժերին կխանգարեն, այս պահին ամենասխալ բանը նման լուրեր տարածելն է, եւ քաղաքից դուրս գալը: Եթե որոշում լինի բնակչությանը տարհանել, նոր կզբաղվենք դրանով»,- ասաց նա:

 

Գորիսի անվտանգության խորհրդի համակարգողը նաև հայտնեց, որ հյուսիսային կողմում է լարված, այս պահին էլ լսվում են հրետակոծության ձայներ, իսկ Գորիսում այս պահին հանգիստ է, սակայն ժողովուրդն անհանգիստ է:

 

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ից էլ հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: 

Քաղաքականություն

Պատահարներ