Հայաստանում կան ներթափանցած ադրբեջանական 1-2 խումբ, որոնց որոնում են. Ալեն Սիմոնյան

Հայաստանում կան ներթափանցած ադրբեջանական 1-2 խումբ այս պահի դրությամբ, որոնց որոնողական աշխատանքներ են տարվում այս պահի դրությամբ։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` ներկայացնելով ադրբեջանական հարձակմանը հաջորդած իրավիճակը։
 

«Դրանք դուրս կմղվեն կամ այդ հարցը ռազմական առումով կլուծվի, և ենթադրում եմ, որ շատ արագ»,– ասաց Սիմոնյանը։
 

Նա նաև նշեց, որ հակառակորդը մի քանի տեղ մխրճվել էր ՀՀ տարածք, մի քանի դիրքերում նրանց հաջողվել է դուրս շպրտել։ Աժ նախագահը հիշեցրեց, որ հայկական կողմը այս պահի դրությամբ պաշտոնապես 135 զոհ ունի` միաժամանակ չբացառելով, որ թիվը կավելանա` զոհերի ու անհայտ կորածների նույնականացումից հետո։
 

Ինչ վերաբերում է հակառակորդի զոհերին, Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ եթե պաշտոնապես հայտարարվել է 77, ապա իրականում թիվը 3-4 անգամ ավելի մեծ է։

 

Ինչ վերաբերում է ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված իրավիճակին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանում ռազմական դրություն հայտարարելը կարող է դիտարկվել որպես ագրեսիա։

 

«Որովհետև մեր հարևան երկիրը մշտապես և հարձակումից առաջ արդարացում է բերում, որ մենք պատրաստվում ենք հարձակման, ինչ–որ պրովոկացիա ենք արել և այլն»,– ասաց Սիմոնյանը։


Մոբիլիզացիայի հարցում, ըստ նրա, կա 2020թ–ի ցավալի փորձը, երբ, նրա գնահատմամբ, շատ ավելի լավ են կռվել ու իրենց դրսևորել ժամկետային զինծառայողները, իսկ մոբռեսուրսները շատ ավելի թույլ վիճակում են եղել։

Քաղաքականություն