Կադիրովը չեղյալ է հայտարարել զորահավաքը Չեչնիայում և նշել պատճառը

Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ մասնակի զորահավաքը չի վերաբերելու Չեչնիային, քանի որ տարածաշրջանը «գերակատարել է զորակոչի պլանը 254 տոկոսով»: Չեչնիայի ղեկավարը չի բացատրել, թե ինչի վրա է հիմնված այդ թիվը, սակայն, նրա խոսքով, նման ցուցանիշների հաջողվել է հասնել, քանի որ «իրենք ի սկզբանե աշխատել են, ցուցաբերել են հայրենասիրություն, պետության հանդեպ սեր»: 

Կադիրովը խոստացել է, որ շրջանի բնակիչները ոչ մի ծանուցագիր չեն ստանա, սակայն հավելել է, որ եթե չեչեններն իրենց տղամարդ և մահմեդական են համարում, ապա «բոլորի արյունը պետք է եռա նման չարիքին դիմակայելու ցանկությունից»։ 

«Ես Չեչնիայի բնակչությանը, մասնավորապես, մեր սիրելի ու հարգված մայրերին կոչ եմ անում հանգստություն պահպանել»,- ընդգծել է նա: 

Ընդ որում, ավելի վաղ հենց Ռամզան Կադիրովն էր կոչ արել շրջաններին «ինքնամոբիլիզացվել» և լրացուցիչ կամավորական ստորաբաժանումներ ուղարկել ռազմաճակատ։ 

Սեպտեմբերի 21-ին Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաք հայտարարելու մասին»: 

Փաստաթղթի համաձայն՝ զորակոչի ենթակա են միայն պահեստազորի զինծառայողները, նախ և առաջ նրանք, ովքեր ծառայություն են անցել զինված ուժերի շարքերում, ունեն համապատասխան փորձ: 

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հստակեցրել է քաղաքացիների կատեգորիաները, որոնք ենթակա չեն մասնակի զորահավաքի:

Քաղաքականություն

Պատահարներ