Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն հոկտեմբերի 2-ին. Փաշինյանը՝ Արցախի հարցի մասին

ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի նախագահ Ջեյհուն Բայրամովը առաջիկայում հանդիպելու են: Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ հանդիպունը լինելու է հոկտեմբերի 2-ին, որի ժամանակ պետք է սկսվեն խաղաղության պայմանագրի տեքստի բովանդակային քննարկումները:

 

«Մինչև այս պահը չի եղել սեղանին դրված տեքստ, որը մենք պետք է կամ ստորագրենք, կամ չստորագրենք: Առարկայական տեքստ եղել է կոմունիկացիաների բացման վերաբերյալ, բայց դա էլ մենք ենք պատրաստել, բնականաբար մենք այդ պատրաստած տեքստը պատրաստ ենք ստորագրել, ցավոք, դա պատրաստ չի ստորագրել Ադրբեջանը: Մենք շարունակում ենք աշխատել՝ փորձելով մեզ համար ընդունելի էնպիսի տեքստեր գտնել, որը ընդունելի կլինի դիմացի կողմի համար»,- ասել է Փաշինյանը:
 

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի բովանդակությանը՝ Փաշինյանը նշել է.
 

«Խաղաղության պայմանագրի հիմքում պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչում: Եթե Ադրբեջանը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, որը հիմնված է 1991-ի դեկտեմբերի 18-ին ԱՊՀ ստեղծելու համաձայնագրի վրա, մենք պատրաստ ենք այդ հենքի վրա գնալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման»,- ասել է նա։ 

Ըստ Փաշինյանի՝ Արցախի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով։

 

«Մեր ընկալումն այն է, որ խաղաղության պայմանագրի մեջ Ղարաբաղի հարցին անդրադարձ կարող է և չլինել: Կա հետևյալ նրբությունը. մենք կարծում ենք, որ այո, Հայաստանը և Ադրբեջանը պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ ԼՂ հարցի շահառուն պիտի լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»,- ասաց նա: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ