«Հարցաքննողն էլ Ռաֆոն է եղել, որը մի քանի ամիս առաջ պետական պարգև է ստացել». զոհված զինվորի ծնողը` Փաշինյանի հարցաքննության մասին

 «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողներին բռնի ուժով բերման ենթարկելու վարույթով 16 ծնող տուժող էր ճանաչվել։ Զոհված զինծառայողների ծնողները, հիշեցնենք, սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն, սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը, ուժ կիրառելով, նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։ Զոհված զինծառյողների ծնողներն այժմ Քննչական կոմիտեի շենքի դիմաց են, պնդում են՝ արդեն տևական ժամանակ է անցել, բայց վարույթի մասով իրենց գրեթե ոչինչ հայտնի չէ, միայն գիտեն, որ 16 հոգու տուժող են ճանաչել։

 

 Ծնողները ուզում են անձամբ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանից տեղեկանալ վարույթն ինչ փուլում է։ Լրագրողների դիտարկումներին, որ վարչապետ Փաշինյանը լրատվամիջոցներից մեկի տեղեկության համաձայն օրերս պետական դավաճանության գործի շրջանակում հարցաքննվել է, ծնողը արձագանքեց․ 

 

«Ես նույնպես եթերով եմ տեղեկացել, որ նա հարցաքննվել է։ Հարցաքննողն էլ Ռաֆոն է եղել, որը ընդամենը մի քանի ամիս առաջ պետական պարգև է ստացել։ Նա տվյալ գործի քննչական խմբի ղեկավարն է։ Եթե ճիշտը ասեմ, ապա ես չեմ էլ հավատում, որ նա հարցաքննվել է, որովհետև երբ որ մեր փաստաբանը գրություն է արել պարզելու համար, թե հարցաքննվել է, թե ոչ, նրան պատասխանել են, որ դա գաղտնիք է, իրեն ոչինչ ասել չեն կարող։ Այսինքն՝ մեր հարցին չեն պատասխանում, մեկ էլ հանկարծ տեղեկություն է հայտնվում, որ հարցաքննվել է, այդ ինչպես է այդպես ստացվում։ Ես չեմ հավատում, որ նա հարցաքննվել է, նորից եմ ասում։ Եթե ինչ-որ խնջույքի ժամանակ հանդիպել են, նա էլ մի երկու հարց է տվել մյուսին, դա դեռ չի նշանակում, որ հարցաքննվել է»։

Քաղաքականություն

Պատահարներ