ՀՀ քաղաքացիները Վրաստանից 84 միլիոն դոլարի ավտոմեքենա են գնել

 Այս տարվա հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանը վերաարտահանել է 64 հազար ավտոմեքենա։ Ընդհանուր եկամուտը կազմել է $661 միլիոն, ինչը 77%-ով ավելի է, քան 2021 թվականին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով վրացական bm.ge տնտեսական պարբերականը։

Տասը ամսվա ընթացքում Վրաստանից ամենաշատը ավտոմեքենա է ուղարկվել Ադրբեջան։ Հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները գնել են ավելի քան 25 հազար ավտոմեքենա։ Մեկ մեքենայի միջին գինը կազմել է $ 9,8 հազար, իսկ բոլոր վերաարտահանված մեքենաների ընդհանուր արժեքը՝ $245,1 միլիոն:

Երկրորդ տեղում Ուկրաինան է։ Տասը ամսվա ընթացքում Վրաստանից այդ երկիր է տեղափոխվել ավելի քան 12,4 հազար ավտոմեքենա։ Ընդհանուր արժեքը կազմել է $117,4 միլիոն, իսկ մեկ միավորի գինը՝ $9,4 հազար։

Երրորդ տեղը զբաղեցրել են ՀՀ քաղաքացիները, ովքեր գնել են ավելի քան 8,2 հազար ավտոմեքենա՝ $84,2 միլիոն ընդհանուր արժողությամբ: Մեկ ավտոմեքենայի միջին գինը կազմել է $10,2 հազար:

Վրաստանում գնված ավտոմեքենաների քանակով Ռուսաստանը չորրորդ տեղում է։ Այս տարվա հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Ռուսաստան է վերաարտահանվել ավելի քան 3,8 հազար ավտոմեքենա՝ $55,3 միլիոն ընդհանուր արժեքով: Մեկ ավտոմեքենայի միջին գինը կազմել է $14,4 հազար։

Ռուսաստանին հաջորդում են Ղազախստանը, Ղրղզստանը, Բելգիան, Տաջիկստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Բելառուսը։

Քաղաքականություն