Մեզ բոլորիս խիստ մտահոգում է այն, որ Հայաստանի և Արցախի միջև կապը խզված է. Քերոբյան

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Armenia.travel կայքի շնորհանդեսի ժամանակ այս հայտարարությունն է արել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

 

«Մեզ բոլորիս այսօր խիստ մտահոգում է այն, որ Հայաստանի և Արցախի միջև կապը խզված է։ Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է այդ կապը վերականգնելու համար։ Ի վերջո, մեր լավ աշխատանքից է կախված մեր սահմանների անվտանգությունն ու ճանապարհների անխափան աշխատանքը», - ասել է նախարարը։

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

 

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն անջատել է Արցախի ամբողջ տարածքի գազամատակարարումը։

Քաղաքականություն