Հավաքվել են իրար գլխի, գալիս են փրկելու նրանց, ում համարում են «ժեխ», «թուրք» և «գենետիկորեն թերի»․ Կոնջորյան

ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։


«Բոլոր նրանք, ովքեր վերջին 4 տարում ժողովրդին հրապարակային հայտարարել են «ժեխ», «թուրք», «գենետիկորեն թերի», այսօր հավաքվել են իրար գլխի, և գալիս են փրկելու նրանց, ում իրենք համարում են «ժեխ», «թուրք» և «գենետիկորեն թերի»:


Դա նման է նրան, որ մարդուն անիծես, բայց համոզես, որ աղոթում ես նրա փրկության համար: Թե ինչ տեսք կունենա այդ փրկությունը ժողովրդի ու պետության համար, կարելի է կռահել մարդկանց հասցեին ուղղված փրկիչների բառամթերքից:


Իհարկե, նման փրկություն մարդկանց չի սպառնում: Հետո, էլի կհնչեն նոր անեծքներ ժողովրդի հասցեին, թե ինչու մարդիկ քաշեցին ու չփրկվեցին:


Իսկ պատճառը սերն է: Ավելի ճիշտ` դրա բացակայությունը` առ սեփական ժողովուրդը: Որովհետև սերը չես լցոնի, ավտոբուսներով չես բերի հրապարակ, չես հաղթի պոկեռի ժամանակ: Սերը կա, կամ չկա: Եվ դա մարդիկ զգում են:


Երբ դուք սովորեք սիրել ժողովրդին, այդժամ փրկությունն ինքն իրեն կգա: Եվ առաջինը կգա հենց ձեզ համար, որովհետև փրկվելու կարիք նախ դուք ունեք: Ձեզ չեն սիրել, դրա համար դուք չեք սիրում»,- գրել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ