Ինչպես է կարողացել Ադրբեջանը Արցախ գազամատակարարումը դադարեցնել, երբ Արցախին գազ Հայաստանն է մատակարարում

Ադրբեջանական «Ազերիգազ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե իբր ադրբեջանական կողմը կապ չունի Արցախի գազամատակարարման դադարեցման հետ։ Ընկերությունից նշել են, որ Արցախի տարածքում գազամատակարարումն իրականացվում է Հայաստանի կողմից, և այն ինտեգրված չէ Ադրբեջանի գազամատակարարման համակարգում։

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Radar Armenia-ի հետ զրույցում հակադարձելով ադրբեջանական հայտարարություններին, հիշեցրին՝ այս տարվա մարտի 7-ին, երբ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում Արցախին գազ մատակարարող գազատարը պայթեցվել էր, Ադրբեջանը գազատարը վերանորոգելուց հետո  փական էր տեղադրել։ Նաև հիշեցրին, որ դրանից հետո էլ՝ մարտի 21-ին, առանց պայթյունների, Ադրբեջանը պարզապես փակել էր գազատարի փականը։  

 

«Ադրբեջանական կողմը ցանկացած ժամանակ գազատարի վրա տեղադրած փականը փակում է, և գազամատակարարումը դադարում է։ Այդ փականը Լաչինի միջանցքի հատվածում է, իսկ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը աբսուրդ է։ Իհարկե, գազը Հայաստանից է գալիս, բայց գազատարի վրա դրված փականը իրենց վերահսկողության  տակ է, որը տեղադրել են մարտի 7-ի վթարի ժամանակ»,- ասացին ՏԿԵ նախարարությունից։

 

Հիշեցնենք՝ երեկվանից Ադրբեջանը դադարեցրել է ԼՂ գազամատակարարումը:

Քաղաքականություն