Շրջափակված Հին Շենում պարենի խնդիրը լուծվել է խաղաղապահների օգնությամբ. գյուղապետը ներկայացնում է ստեղծված իրավիճակը

 Գյուղում երեկ է պարենի խնդիր եղել, բերել-հասցրել ենք։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Հին Շենի գյուղապետ Սամվել Սարգսյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակին։

 

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10։30-ից «բնապահպան» ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակել են Հայաստանն Արցախին կապող Գորիս-Ստեփանակերտ մայրուղին (Լաչինի միջանցք) Շուշի – Քարին տակ հատվածում։ Ադրբեջանցիներն այդ օրվանից վրաններ են խփել ու գիշերում են տեղում՝ կրկին շարունակելով հավաքը։ Լաչինի միջանցքը փակվելու հետևանքով երկկողմանի շրջափակման մեջ են հայտնվել Շուշիի շրջանի՝ արցախյան վերահսկողության ներքո Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերը։

Հին Շենի գյուղապետ Սամվել Սարգսյանն ասաց, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի աջակցությամբ են տարբեր խնդիրներ լուծում։ Ըստ Սարգսյանի՝ բնակչության շրջանում հուսահատություն չկա։

 

«Դպրոցը, գյուղապետարանը, խանութները գործում են», - ասաց նա։ Ադրբեջանն իր վերահսկողության ներքո արցախյան տարածքից դադարեցրել է գազամատարակարումը, և բնակչությունը, ստիպված, այլընտանքային միջոցներով է լուծում խնդիրները։

«Մեր գյուղն անտառամերձ է, փայտով ենք ջեռուցումը կազմակերպում, գազի բալոններ ունենք լցրած, դեռ չեն վերջացել», - եզրափակեց Հին Շենի ղեկավարը։

Քաղաքականություն

Պատահարներ