МГИМО-ն հեռացրել է հակաադրբեջանական հայտարարություններ արած պրոֆեսորին

МГИМО-ի ռեկտորատը հայտնել է, որ  МГИМО-ի ռազմաքաղաքական հետազոտությունների առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը հեռացվել է հեռուստաալիքներից մեկի եթերում հնչեցրած արտահայտությունների համար: 

 

Ըստ դեկտեմբերի 17-ին տարածված հայտարարության` պրոֆեսորի արտահայտությունները վնասում են Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, որոնցում Ալեքսանդրովը «կոպտորեն խեղաթյուրել է հարևան բարեկամ պետության նկատմամբ ռուսական քաղաքականության նպատակներն ու խնդիրները»:
 

«Ալեքսանդրովի հայտարարությունների անհիմն ագրեսիվությունն ու աղաղակող ոչ պրոֆեսիոնալիզմը առաջացրել են արտաքին քաղաքական հանրության խիստ բացասական արձագանքը, համալսարանականների վրդովմունքը։ Համալսարանի իմիջին և շահերին լուրջ վնաս է հասցվել։ Ելնելով Ալեքսանդրովի գործողությունների անհամատեղելիությունից  МГИМО-ի աշխատակցի կարգավիճակի հետ, ինչպես նաև Ալեքսանդրովի կողմից ծառայողական պարտականությունների ծայրահեղ անտեսման հաստատված փաստերից՝ ռեկտորը հրաման է ստորագրել աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու և Ալեքսանդրովին համալսարանից ազատելու մասին», – ընդգծել է համալսարանը։ 

 

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Ադրբեջանում Ալեքսանդրովի դեմ քրեական գործ են հարուցել այն բանից հետո, երբ նա կոչ է արել «հրթիռներով գնդակոծել և ամբողջությամբ ոչնչացնել Ադրբեջանի ողջ նավթարդյունաբերությունն ու էներգետիկ համակարգը»:

 

Ալեքսանդրովն ավելի վաղ РУСАРМИНФО  – ի եթերում դեկտեմբերի 13-ին ասել էր. «Այժմ Ալիևը փորձում է օգտագործել իրավիճակը, որպեսզի հնարավորինս մեծ կտոր ճզմի իր համար, մասնավորապես, փոխի Լաչինի միջանցքի կարգավիճակը՝ այն վերածելով Ադրբեջանի կողմից վերահսկվող միջանցքի։ Ինչպես տեսնում ենք, առայժմ դա չի ստացվում, բայց գործը կարող է հասնել բախման»։ 

 

Ալեքսանդրովն ընդգծել է, որ խաղաղապահների դեմ ուժի կիրառման դեպքում Մոսկվան ստիպված կլինի պատասխանել։ 

 

«Ռուսաստանը միջոցներ ունի Ադրբեջանի հետ պատերազմ չսկսելու, Բաքվին հարվածելու, Բաքվի նավթարդյունաբերությունն ամբողջությամբ ռմբակոծելու, ադրբեջանական էներգահամակարգը հրթիռային հարվածով ոչնչացնելու համար։ Ես այդպես եմ զգում Ադրբեջանը քողարկվում է նրանով, որ մեզ հետ ռազմավարական դաշնակցության մասին հռչակագիր է ստորագրել, գործում է դրա դեմ, իսկ ինքը սադրում է մեր խաղաղապահներին։ Պետք է հասկացնել, որ մենք կարող է ոչ թե պատերազմենք Ղարաբաղում, այլ ռմբակոծենք ամբողջ էներգահամակարգը, նավթային համակարգը, և Ադրբեջանն առանց նավթի մնա, առանց էլեկտրականության», – հայտարարել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ