Թալինի քաղաքապետը պետմիջոցներով 10 միլիոն դրամանոց մեքենա է գնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թալինի քաղաքապետը պետական միջոցների հաշվին մոտ 10 մլն դրամանոց ավտոմեքենա է գնել:

 

 «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված պաշտոնական փաստաթղթից հայտնի դարձավ, որ ավտոմեքենան գնվել է ֆիզիկական անձ Տարոն Կարապետյանից 9 մլն 700 հազար դրամով: Թալինի համայնքապետարանի աշխատակազմը գնումների փաստաթղթում «մոռացել է» նշել գնված ավտոմեքենայի մոդելը:

 

Այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի հետ:

 

«Այդ ավտոմեքենան համայնքի ղեկավարի համար է, նախկին մեքենաների «մատոռները» թափված էին, հին մեքենաներ էին՝ անմխիթար վիճակում գտնվող: Շահագործել եմ իմ անձնական մեքենան, առանց ոչ մի բանի. գիտեք՝ համայնքը ինչ վիճակում էր»,- ներկայացրեց Սափեյանը՝ միաժամանակ նշելով ավտոմեքենայի մոդելը՝ Mercedes:

 

«Ժողովուրդ» օրաթերթը երիտասարդ քաղաքապետից հետաքրքրվեց, թե ինչու է որոշվել գնել շուրջ 24 հազար դոլարանոց մեքենա այն դեպքում, երբ համայնքի բյուջեն այնքան էլ լավ վիճակում չէ: Մեր հարցին ի պատասխան՝ Սափեյանն ասաց. «Նորմալ գին է: Ի՞նչն է խնդիրը, ես ուզում եմ հասկանալ: Մենք այնպիսի մեքենա ենք ձեռք բերել, որ հինգ տարվա ընթացքում նույն մեքենան ծառայի համայնքին եւ գործերը թեթեւացնի»:

 

Հավելենք, որ այս տարվա սեպտեմբերի 27-ին Տավրոս Սափեյանը վթարի էր ենթարկվել Երեւանի Հրազդանի կիրճում: Ըստ ամենայնի, համայնքի ղեկավարը նոր մեքենայի կարիք ունի, քանի որ իր մեքենան դիմացի ավտոմեքենայի ուժգին հարվածից լուրջ վնասներ է կրել:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Քաղաքականություն

Պատահարներ