ՀՀ–ում արյան պահեստավորումը մնացել է 1947թ–ի մակարդակին. նոր արյան բանկ կկառուցվի

 2023թ–ին Հայաստանում նախատեսվում է նոր արյան բանկ կառուցել` շենքային նոր պայմաններով ու միջազգային ժամանակակից սարքավորումներով։ Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։ Առողջապահության նախարարության առաջարկով կառավարությունը կհամաֆինանսավորի նախագիծը։ Այդ նպատակով ՀՀ 2022թ–ի պետական բյուջեից այսօր հատկացվել է 80 մլ դրամ։ Եվս շուրջ 150 մլն դրամ էլ կհատկացվի հաջորդ տարի` նախագծի իրականացման ընթացքում։

 

Ֆինանսավորման մյուս աղբյուրը «Ջինիշյան հիշատակի հիմնադրամն» է, որը պատրաստակամություն է հայտնել շուրջ 600 000 ԱՄՆ դոլարին համարժեք 237 000 000 դրամի չափով աջակցել արյան նոր բանկի ստեղծմանը։

Շենքի շինարարությունը անցկացված մրցույթի արդյունքում պատվիրվել է «Շին» ՍՊ ընկերությունը, որը ներկայացրել է 554 000 000 դրամ գնային առաջարկ։

Ծրագրի ամբողջական արժեքը` ներառյալ արդիական տեխնիկայի ձեռքբերումը, նախնական հաշվարկներով կարժենա շուրջ 668 101 400 դրամ։

Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը կազմավորվել է 1947 թվականի մարտի 17-ին՝ Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի հատուկ որոշմամբ։

 

Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կենտրոնը տարիներ շարունակ ընդլայնել է կլինիկական գործունեությունը, սակայն արյան և դրա բաղադրամասերի հավաքագրման և պահեստավորման առումով գրեթե մնացել է նույն վիճակում:

Առողջապահության նախարարության կողմից դեռևս 2018 թվականին իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արյան հավաքումն իրականացնող մարզային ենթակառուցվածքները գտնվում են շատ վատ վիճակում, մասնավորապես` դրանց բացարձակ մեծամասնությունը չի համապատասխանում սահմանված նորմերին ինչպես շենքային, այնպես էլ սարքավորումային և սանիտարական նորմերի պահպանման տեսանկյունից:

Վերոնշյալ խնդրի լուծման նպատակով արյան ծառայության Հրազդանի, Արմավիրի, Լոռու, Գյումրու, Սյունիքի մարզային ստորաբաժանումները կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ նախատեսված էր միացնել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին ՝ հետագա զարգացման հեռանկարով։

 

Սակայն որոշումը չի իրականացվել, քանի որ Երևանի կենտրոնի շենքային պայմանները հնարավորություն չեն տալիս իրականացնել արյան և դրա բաղադրամասերի պահանջվող քանակների պահեստավորում ու որակյալ պահպանում։ Ուստի անհաժեշություն է առաջացել ստեղծել նոր շենքային ու տեխնիկական պայմաններ` արյան և դրա բաղադրամասերի պահանջվող քանակների պահեստավորման ու որակյալ պահպանման համար:

Քաղաքականություն

Պատահարներ