Հայաստանը Լաչինի միջանցքի հարցով դիմել է Հաագայի դատարան

Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան (Հաագա), որպեսզի վերջինը պարտավորեցնի Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը, հայտնում է դատարանի մամուլի ծառայությունը։
 

Հայկական կողմի ուղարկած փաստաթղթերում նշվում է, որ Ադրբեջանը շրջափակել է Լեռնային Ղարաբաղում 120 հազար էթնիկ հայերին արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, և որևէ նախանշան չկա, որ այդ շրջափակումն առաջիկայում կվերացվի։
 

Ըստ այդմ, երկու երկրների միջև ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ վարույթի շրջանակում Հայաստանը խնդրել է միջանկյալ միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի վրա դնելով շրջափակումը վերացնելու և Լաչինի միջանցքով բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժն ապահովելու պարտավորություններ։

Քաղաքականություն

Պատահարներ