Հունաստանի ՊՆ-ն Չավուշօղլուի հայտարարությանը սադրանք է որակել

 Թուրքիայի պահվածքը, որը Հունաստանին սպառնում է պատերազմով իր տարածքային ջրերը 12 ծովային մղոն ընդլայնելու իրավունքի համար, չի վայելում ՆԱՏՕ-ի դաշնակից երկրին, դաշինքում պետք է մտահոգություններ առաջանան Թուրքիայի կողմից նման սպառնալիքների հետ կապված։ Այս մասին ասել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հայտարարությունը, թե Անկարան թույլ չի տա, որ Հունաստանն ընդլյանի տարածքային ջրերի սահմանն Էգեյան ծովում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

 

«Այս հայտարարությունը casus belli-ի մասին ( ֆորմալ առիթ պատերազմ հայտարարելու համար), որը վերաբերում է օրինական իրավունքն իրականացնելու Հունաստանի հնարավորությանը, ավելի շատ վկայում է սադրիչ ռեւիզիոնիզմի, քան Հյուսիսատլանտյան դաշինքում դաշնակցի պահվածքի մասին։ Ուստի, դա պետք է անհանգստացնի շատերին»,- ասել է նախարարը։ «Ինչպես արդեն ասել եմ, Հունաստանը չի սպառնում, բայց նաեւ չի սիրում, երբ իրեն սպառնում են,- շարունակել է Պանայոտոպուլոսը։- Կառավարությունը ղեկավարում է երկիրը եւ գործում է՝ ելնելով ազգային շահերից եւ այն կանոնների հիման վրա, որոնք կանոնակարգում են պետությունների խաղաղ գոյակցությունը, այսինքն՝ միջազգային իրավունքի հիման վրա»։

 

Ավելի վաղ Հունաստանի ԱԳՆ նոր պաշտոնական ներկայացուցիչ Յորգաս Արնաուտիսը, լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի պաշտոնական անձանց վերջին հայտարարությունները, ասել էր, որ Հունաստանը չի ընդունի Թուրքիայի կողմից Էգեյան ծովում ուժի կիրառման սպառնալիքները  և դրանց հակադրում է բոլորի կողմից ընդունված կանոնները՝ հիմնված միջազգային իրավունքի եւ միջազգային ծովային իրավունքի վրա։

Քաղաքականություն

Պատահարներ