Պարեկային ծառայության պետը քաղաքացիներին զգոնության կոչ է արել

Հարգելի՛ քաղաքացիներ,

Ամանորի առթիվ Պարեկային ծառայությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն: Նախատոնական, տոնական ու հետտոնական օրերին մայրաքաղաքում և պարեկային ծառայության կողմից սպասարկվող մարզերում շուրջօրյա իրականացվելու են ճանապարհային երթևեկության անվտանգությանն ու, առհասարակ, հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ: Առաջնորդվելով օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքով՝ պարեկները հետևողականորեն արձագանքելու են ցանկացած իրավախախտման՝ իրենց լիազորությունների շրջանակներում կիրառելով վարչաիրավական ներգործության միջոցներ: Կոչ ենք անում ճանապարհային երթևեկության նկատմամբ դրսևորել պատասխանատու և իրավահարգ մոտեցում՝ գիտակցմամբ, որ յուրաքանչյուրիս սխալը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ: Կրկին հորդորում ենք ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց չվարել:

Պարեկային ծառայությունը կանխավ շնորհավորում է Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով անվտանգ նախատոնական, տոնական ու հետտոնական օրեր։

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանը։

Քաղաքականություն