Աշխարհն ավելի ռազմականացված է դառնում․ տարբեր երկրների ռազմական բյուջեները

Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհը հետզհետե ավելի ու ավելի ռազմականացված է դառնում, իսկ պատերազմներն ու տարատեսակ հակամարտությունները ոչ թե մեկտեղում են իրական ու համընդհանուր խաղաղության հասնելու ջանքերը, այլ ավելի են մասնատում աշխարհն ու դրա դերակատարներին, որոնք շարունակում են ավելացնել իրենց պաշտպանական ծախսերը, մեծացնել ռազմական բյուջեն, իսկ սպառազինությունների մրցավազքը նոր թափով զարգանում է՝ ստեղծելով Երրորդ համաշխարհային պատերազմի վերահաս վտանգ, գրում է Hraparak-ը։ 

 

Ստորև ներկայացնում ենք տարբեր երկրների՝ 2023 թվականի համար նախատեսված ռազմական բյուջեները։

 

ՀՀ ռազմական բյուջեն 2023 թվականին կաճի 47 տոկոսով

 

2023-ի պետական բյուջեի նախագծով՝ Հայաստանի կառավարությունը նախատեսում է պաշտպանության ապահովման բյուջեն հաջորդ տարի ավելացնել ավելի քան 47 տոկոսով։ Այն 2023-ին կկազմի 501,3 մլրդ դրամ՝ 2022-ի 340,6 մլրդ դրամի դիմաց։ 1995-ից ի վեր սա Հայաստանի ռազմական բյուջեի ամենամեծ աճն է։ Նախնական փոխարժեքով, 2023-ին Հայաստանի ռազմական բյուջեն կկազմի շուրջ 1,24 մլրդ դոլար։

 

Ադրբեջանը կրկին մեծացնում է ռազմական բյուջեն

 

Ադրբեջանի ռազմական բյուջեն հաջորդ տարի նախատեսված է 3,13 մլրդ դոլար։ Հատկանշական է, որ 2023-ին Հայաստանի ռազմական բյուջեն Ադրբեջանին կզիջի 2,5 անգամ, որը ամենացածր հարաբերակցությունն է 2005-ից ի վեր, երբ Ադրբեջանը սկսեց զգալիորեն մեծացնել իր ռազմական բյուջեն և սպառազինության ձեռքբերման ծավալները։ Համեմատության աղբյուրը Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների բազան և երկու երկրների պետական բյուջեներն են։

 

Վրաստանի պաշտպանական բյուջեն 2023-ին կավելանա 93 միլիոն դոլարով

 

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն հայտարարել է, որ Վրաստանի պաշտպանության բյուջեն ավելացվել է 260 մլն լարիով (93 մլն դոլար) հաջորդ տարի։ Բուրչուլաձեն ասել է, որ այս տարվա վերջին եռամսյակում պաշտպանության նախարարության բյուջեն աճել է գրեթե 10%-ով կամ 80 մլն լարիով, և այդ միջոցները համամասնորեն կբաշխվեն բոլոր ոլորտներում։ Նախարարն ընդգծել է, որ գերատեսչությունն աշխատում է պահեստազորի նոր մոդելի վրա՝ զինվորական ծառայությունը երկրի քաղաքացիների համար «ավելի գրավիչ» դարձնելու համար։

 

ՌԴ-ի ռազմական ծախսերը 2023-ին կկազմեն բյուջեի մեկ երրորդը

 

Ռուսաստանի նոր դաշնային բյուջեն ընդունվել է դեկտեմբերի 5-ին՝ նախագահ Պուտինի կողմից։ Ըստ հատկացումների՝ 2023 թվականին զինվորականների, հատուկ ծառայությունների աշխատակիցների և ոստիկանության կարիքների համար հատկացվել է 9 տրիլիոն ռուբլի (143 միլիարդ դոլար): Սա զգալի աճ է նախորդ տարվա համեմատ և կազմում է ընդհանուր բյուջեի մոտ 30%-ը:

 

2023-ին Ուկրաինան իր բյուջեի գրեթե կեսը կուղղի պաշտպանությանը

 

Ուկրաինայի 2023 թվականի բյուջեի նախագծում միջոցների մոտ կեսը նախատեսված է երկրի պաշտպանության և անվտանգության համար (1 տրիլիոն 136 միլիարդ գրիվեն)։ Այդ երկրի վարչապետ Դենիս Շմիգալը մանրամասնել է, որ պաշտպանության ոլորտի ծախսերը ներառում են զինվորականների աշխատավարձերը, բանակի սպասարկումը, տեխնիկայի և սպառազինության վերանորոգումն ու գնումը և այլ հարցեր։ Ավելի վաղ, Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն հայտարարել էր, որ ռուսական լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր Ուկրաինայի պաշտպանության ծախսերը և զինվորականների աշխատավարձերը վեց անգամ ավելացել են։ 

 

ԱՄՆ ռազմական բյուջեով 800 միլիոն կհատկացվի Կիևին

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է 2023 ֆինանսական տարվա (սկսած հոկտեմբերի 1-ից) երկրի պաշտպանական բյուջեն՝ 858 միլիարդ դոլարի չափով։ Ավելի վաղ համապատասխան օրինագիծը հավանության էր արժանացել ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից։ Փաստաթուղթը, ի թիվս այլ բաների, նախատեսում է առնվազն 800 միլիոն դոլարի հատկացում Ուկրաինային անվտանգության աջակցության համար և 6 միլիարդ դոլար՝ Եվրոպայում Ռուսաստանի դեմ ուղղված զսպման նախաձեռնության համար։ 

 

Մեծ Բրիտանիան կավելացնի ռազմական բյուջեն

 

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է ավելացնել ռազմական բյուջեի չափը Ուկրաինայի հակամարտության ֆոնին։ Վերլուծաբանների գնահատականներով՝ իրական ռազմական ծախսերի կրճատումից խուսափելու համար Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության բյուջեն 2024-2025 թվականների համար պետք է ավելանա առնվազն 1,5 միլիարդ ֆունտով (1,8 միլիարդ դոլար)՝ տարեկան 48,6 միլիարդ ֆունտից (58,6 միլիարդ դոլար) մինչեւ 50,1 միլիարդ ֆունտ (60,4 միլիարդ դոլար):

 

Գերմանիայի ռազմական բյուջեն կմեծանա 2 մլրդ եվրոյով․ մեծ մասը կտրվի Կիևին

 

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստին Լինդները դեռևս ամիսներ առաջ հայտարարեց երկրի ռազմական բյուջեն 2 մլրդ դոլարով մեծացնելու կառավարության ծրագրերի մասին։ Հայտնի է, որ այդ միջոցների մեծ մասը կուղղվի Ուկրաինայի օգնությանը։ Reuters-ը, հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրին, մասնավորապես հայտնում է, որ այդ գումարից մոտ 400 մլն եվրոն նախատեսված է Խաղաղության եվրոպական հիմնադրամի համար, որը զենք է գնում Ուկրաինայի համար։

 

Քաղաքականություն

Պատահարներ