ԱՄՆ-ն հայտնեց Ֆիլիպ Ռիքերի պաշտոնից հեռանալու մասին

մերիկացի դիվանագետ Ֆիլիպ Ռիքերը լքում է Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ Պետքարտուղարության ավագ խորհրդականի պաշտոնը: Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

 

«Այսօր մենք հայտարարում ենք հունվարի 5-ից Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից դեսպան Ֆիլիպ Ռիքերի հեռանալու մասին։ Ավելի քան 30 տարի դեսպան Ռիքերը նվիրումով ծառայել է ԱՄՆ Պետդեպարտամենտին և ժողովրդին, այդ թվում՝ որպես պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական և Լոնդոնում մեր դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար»,-նշել է Փրայսը։

 

Նրա խոսքով՝ Ռիքերի՝ որպես Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդականի աշխատանքն արագացրել է փոխգործակցությունը և օգնել է խաղաղության հաստատման գործընթաց կառուցել այնպիսի անհանգիստ տարածաշրջանում, ինչպիսին է Հարավային Կովկասը:

«Նրա ներդրումը հաստատում է, որ Միացյալ Նահանգների համար կարևոր է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության շուրջ բանակցություններին օգնություն ցուցաբերելը»,-նշել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

 

Նա ընդգծել է, որ Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խախտում Հարավային Կովկասում անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ ու խաղաղ ապագա ապահովելու` Միացյալ Նահանգների դիրքորոշումը:

 

«Միացյալ Նահանգները շարունակում է համագործակցել երկկողմանի հիմունքներով համախոհ գործընկերների հետ (ինչպես, օրինակ, Եվրամիությունը) և միջազգային կազմակերպությունների միջոցով (ինչպես, օրինակ, ԵԱՀԿ-ն) Ադրբեջանի ու Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերի շուրջ լուծումներ գտնելու համար»,-հավաստիացրել է Փրայսը:

Պետդեպարտամենտի անունից Փրայսը շնորհակալություն է հայտնել Ռիքերին կատարած աշխատանքի համար և նրան ամենայն բարիք մաղթել իր հետագա կարիերայում:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը 2022 թվականի օգոստոսի վերջին դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել էր Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական։ Ռիքերը պետք է կատարեր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի գործառույթները։ Այդ պաշտոնում գտնվելու ընթացքում Ռիքերը որպես միջնորդ այցելել է տարածաշրջան՝ Երևանի ու Բաքվի միջև երկխոսություն հաստատելու համար։

Քաղաքականություն

Պատահարներ