ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Լաչինի միջանքցի փակման իրական պատճառի մասին

Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ են բերվում, սակայն ամենախոր և իրական պատճառն այն է, որ ԼՂ հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում: Կառավարության նիստի մեկնարկից առաջ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 25 օր։ ԼՂ–ում հումանիտար ճգնաժամ հարուցած այդ գործողությունը, միջանցքն ապաշրջափակելու կոչերը միջազգային լայն արձագանք է հարուցել։ Չնայած այս հանգամանքին, Ադրբեջանը գործողություններ չի ձեռնարկում հարցը կարգավորելու ուղղությամբ»,–ասաց Փաշինյանը։

 

Նրա խոսքով` Ադրբեջանն այսպիսով կոպտորեն խախտում 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանագրային ունակության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը փորձում է ՀՀ-ին վերագրել պարտականությունները չկատարելու գործելակերպ, ինչը, ըստ Փաշինյանի, բացարձակապես մտացածին է։

 

Վարչապետը նշեց նաև, որ միջազգային հանրությունը սկսել է ավելի հստակ արձանագրել ԼՂ հայությանն էթնիկ զտումների, ցեղասպանության ենթարկելու` Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը։

 

Փաշինյանը հավելեց` ավելի առարկայական քայլեր են ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում ՄԱԿ ԱԽ մշտական անդամ ՌԴ-ից, որի խաղաղապահ զորախումբը տեղակայված է ԼՂ-ում, և Լաչինի միջանցը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։

 

Մանրամասները՝ տեսանյութում․ 

 

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

 

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։

Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։

Քաղաքականություն

Պատահարներ