ԵԱՀԿ-ն` Լաչինի միջանցքի արգելափակման մասին

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ առանձին հեռախոսազրույցների ընթացքում հայտարարել է, որ ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին:

 

Ինչպես տեղեկացնում է ԵԱՀԿ կայքը, Օսմանին իր մտահոգությունն է հայտնել քաղաքացիական բնակչության առօրյա կյանքի վրա դրա ազդեցության կապակցությամբ։ Նա բոլոր կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը և մտնել կառուցողական և արդյունավետ երկխոսության մեջ։ 

 

ԵԱՀԿ գործող նախագահը կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման և հարաբերությունների կարգավորման միջոցառումները, որպես ԵԱՀԿ գործիքակազմի մաս, առանցքային տարրեր են ընթացիկ մարտահրավերների հաղթահարման համար, որոնք ազդում են մարդկանց վրա, ասվում է հաղորդագրության մեջ: 

 

Այս համատեքստում Օսմանին վերահաստատել է անձնական փոխգործակցության իր պատրաստակամությունը՝ լարվածությունը մեղմելու և կայուն խաղաղության հասնելու ջանքերին նպաստելու համար: Նա տեղեկացրել է նաև, որ հետագայում առանձին այցեր կկատարի Հայաստան և Ադրբեջան։ 

 

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը Բույար Օսմանիին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը։

Քաղաքականություն

Պատահարներ