Մենք կարող ենք խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց մի քանի օր հետո ռազմական էսկալացիա լինի․ վարչապետ

Հայաստանը չի ստորագրի խաղաղության այնպիսի պայմանագիր, որը կհակասի ՀՀ շահերին։ Այս մասին այօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե որն է այն կարմիր գիծը, որի դեպքում Հայաստանը կհրաժարվի խաղաղության պայմանագրի ստորագրումից։

 

Փաշինյանն ասաց նաև, որ խաղաղության պայմանագրի պատրաստի տարբերակ այս պահին գոյություն չունի։

 

«Եթե լիներ այդպիսի փաստաթուղթ, ես կասեի, որ արդեն ստորագրել ենք կամ վաղը պատրաստվում ենք ստորագրել։ Մենք մեր արձագանքներն ուղարկել ենք Ադրբեջանին և դեռ պատասխան չենք ստացել։ Ես ասել եմ, որ մենք պատրաստ ենք ստորագրել, և մեզնից կախված ամեն ջանք կգործադրենք, որ ստորագրենք։ Այսօր էլ եմ ասում` մենք պատրաստ ենք ստորագրել և մեզնից կախված ամեն ինչ կանենք, որ ստորագրենք խաղաղության փաստաթուղթ»,– ասաց Փաշինյանը։

 

Անդրադառնալով պարբերաբար տարածվող լուրերին խաղաղության փաստաթղթի այս կամ այն տարբերակի մասին` ՀՀ վարչապետը նշեց, որ եթե հաջողվի հասնել մի կետի, երբ խաղաղության փաստաթուղթը պատրաստ կլինի, դա ոչ թե վատ, այլ լավ լուր կլինի, քանի որ կնշանակի, որ ՀՀ շահերը բալանսավորված պաշտպանվում են։

 

Ընդ որում`նրա դիտարկմամբ` խնդիրը ոչ միայն թղթի բովանդակությունն է, այլև այդ բովանդակության իրագործումը։ Որպես օրինակ` վարչապետը հիշեցրեց 2020թ–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն այսօր չի կատարվում։

 

«Մենք կարող ենք խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց մի քանի օր հետո ռազմական էսկալացիա լինի։ Անունը դնենք խաղաղության պայմանագիր, ստորագրե՞նք։Հարցն այն է, թե այդ ստորագրված թուղթը ինչքանով է բերելու սպասված արդյունքի։ Տեքստն էլ կատարյալ չի լինելու, էս գլխից էլ բոլորս հասկանանք։ Բայց կարող է բալանսավորված համապատասխանել ՀՀ–ի շահերին։ Բայց եթե այդ թղթի կիրառման և իրագործման մեխանիզմներ չլինեն, մենք կարող է «խաղաղության պայմանագիր» անունով թուղթ ստորագրենք և մի շաբաթ հետո ստանանք նոր պարտերազմ կամ նոր էսկալացիա»,– ասաց նա։

 

Փաշինյանը նշեց, որ ուրախ կլիներ, եթե նման փաստաթութղթ լիներ ու ինքն այսօրվա ասուլիսում հայտներ դրա դյութների և մեխանիզմների մասին։

Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։

Քաղաքականություն

Պատահարներ