ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ճապոնական լրատվամիջոց ներկայացնող հայազգի լրագրողը հարց է տվել Լավրովին` Լաչինի միջանցքի մասին

 Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի տարեկան ասուլիսին հայկական և ադրբեջանական լրատվամիջոցների լրագրողներին հարցեր տալու հնարավորություն չի ընձեռվել։ Ասուլիսի ավարտին արտգործնախարարի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան առաջարկել է Ռուսաստանին «ոչ բարեկամ» երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներին տալ վերջին երկու հարցը։

 

Ճապոնական «Ci-Ci Press»-ից Մերի Գևորգյանը ասելով, որ ինքը հայկական ծագում ունի, հարց է տվել Լաչինի միջանցքի մասին, որն արդեն 38 օր փակ է։

Լավրովը պատասխանել է․ «Ճապոնիայի համար ամենագլխավորը՝ Լաչինի միջանցքի հարցն է»։
 

«Երեկ ես խոսել եմ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Լաչինի միջանցքը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի, պետք է ազատ լինի բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների՝ երկու ուղղություններով անցուդարձի համար։
Իհարկե, այնտեղ առանձին ամրագրված է, որ այս ճանապարհով ռազմական բեռ չպետք է ուղարկվի։

Ադրբեջանցիները տեղեկություն են տվել, հիմա մեր զինվորականներն ուսումնասիրում են, որ հայկական կողմն ականներ է տեղափոխել այս միջանցքով, հետո այդ ականներն օգտագործվել են, խախտելով եռակողմ պայմանավորվածությունները, ականապատել ադրբեջանական դիրքերին հարող տարածքները։ Եվ այսպես շարունակ։ Շատ փոխադարձ մեղադրանքներ կան»,- ասել է Լավրովը։

«Մենք շատ պարզ բան առաջարկեցինք. այն խաղաղապահ զորախումբը, որը Ռուսաստանը ուղարկեց այնտեղ, իրավասու է եռակողմ համաձայնագրով վերահսկել այս շարժումը, և նա ունի բոլոր հնարավորությունները ստուգելու յուրաքանչյուր մեքենա՝ ստուգելու դրանցում արգելված, ոչ մարդասիրական, ոչ քաղաքացիական ապրանքների բացակայության փաստը։

Երեկ կամ նախօրեին հանդիպում է կայացել Ադրբեջանի ներկայացուցչի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ։ Կարծում եմ, որ մոտ ապագայում հարցը կլուծվի»,- ասել է Սերգեյ Լավրովը։

Քաղաքականություն

Պատահարներ